ՄԱԿ-ը որոշել է Սիրիայի խնդրով խաղաղ բանակցությունների օրը

ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ին պաշտոնապես հայտարարել է՝ 2014-ի հունվարի 14-ին Ժնևում մեկնարկելու է Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման գագաթաժողովը։ Դեռևս պարզ չէ՝ Սիրիայի ընդդիմությունից որ ուժերն են մասնակցելու։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մուն

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, մեկնաբանելով հայտարարությունը, հավաստիացրել է՝ գագաթաժողովի նպատակն անցումային կառավարության ստեղծումն է, դրանով կավարտվի քաղաքացիական պատերազմը, իսկ կառավարության կազմում կընդգրկվեն հակամարտող կողմերի հաստատած մարդիկ։

Չի հստակեցվում՝ ինչ ձևաչափով են անցկացվելու բանակցությունները, հայտնի չէ նաև՝ արդյոք Սաուդյան Արաբիան, Իրանն ու Քաթարը մասնակցելու են քննարկումներին։

Սիրիայի կառավարությունը դեռևս չի արձագանքել ՄԱԿ-ի հայտարարությանը։

Նշենք, որ Սիրիայի ընդդիմադիր ուժերը բազմիցս հայտարարել են՝ չեն պատրաստվում մասնակցել խաղաղ բանակցություններին, եթե ի կատար չածվի իրենց գլխավոր նախապայմանը՝ Բաշար Ասադի ինքնակամ հրաժարականը։ Մի քանի արմատական խմբավորումներ նույնիսկ խոստացել էին սպանել այն ընդդիմադիրներին, ովքեր կհամարձակեն ներկա լինել բանակցություններին։

Հավելենք, որ Սիրիայում հակամարտությունը շարունակվում է արդեն 32 ամիս։ Այս ընթացքում երկրում սպանվել է 100-120 հազար մարդ, ավելի քան 1 մլն-ը զրկվել են ունեցվածքից ու դարձել փախստական։ Հակամարտող կողմերից ոչ մեկը մինչև օրս չի համաձայնել գնալ զիջումների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *