Ճապոնիան և Թուրքիան բանակցություններ են վարում Թուրքիայում հիմնական մարտական տանկերի համար շարժիչների համատեղ արտադրություն հիմնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը՝ հղում կատարելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերայի հայտարարությանը։
Օնոդերան նշել է, որ համատեղ արտադրությունը բավարարելու է Թուրքիայի զինված ուժերի կարիքները։ Նա հավելել է, որ ճապոնական կողմից նախագծին մասնակցելու է Mitshubishi Heavy Industries ընկերությունը, իսկ Թուրքիան, ըստ ամենայնի, կներկայացնի TUSAS Engine Industries ընկերությունը։
Նախագիծը վերջնականապես պետք է ընդունվի Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության կողմից, որից հետո այն արդեն կյանքի կկոչվի։ Սպասվում է, որ որոշումը կարող է ընդունվել 2014 թվականի ընթացքում, մանրամասնում է «Ջեյնսը»։
Թուրքիայում ճապոնական կողմի մասնակցությամբ արտադրված շարժիչները նախատեսված կլինեն ներկայում փորձարկումների վերջին փուլն անցնող թուրքական առաջին հիմնական մարտական տանկի՝ Ալթայի համար։
Նշենք, որ Ճապոնիան 2011 թվականին մեղմել է ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման բավական խիստ կանոնները, որոնք գործում էին 1960-ականա թվականներից։ Ճապոնական օրենքներով արգելվում էր սպառազինություն վաճառել այն երկրներին, որոնք ենթարկվում էին ՄԱԿ-ի պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ խստիվ արգելված էր ռազմական նշանակության ապրանքների վաճառքը հակամարտություն ունեցող երկրներին։
Վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում ճապոնական ընկերությունները հնարավորություն են ստացել ավելի ազատ գործել միջազգային շուկայում, թեև որոշակի սահմանափակումներ դեռ կան։