Արևմտյան լրատվամիջոցներում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Ռումինիայի Բակեու միջազգային օդանավակայանում ՄիԳ-21 կործանիչներ են տեղակայված։ Ռումինական Aerostar ընկերությունը չի հերքել, որ դրանք Մոզամբիկի ինքնաթիռներն են և արդիականացման գործընթացում են։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, Բակեու օդակայանը շահագործվում է հենց ռումինական Aerostar ընկերության կողմից։
Նշենք, որ դեռևս սեպտեմբերին լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ Մոզամբիկի ռազմաօդային ուժերին բնորոշ գույներով ներկված ՄիԳ-21ՈւՄ կործանիչները շարժիչի փորձարկումներ էին անցնում նույն Բակեու օդակայանում։
Հավելենք, որ Aerostar ընկերությունը «Ջեյնսին» մեկնաբանել է իրավիճակը՝ փաստելով՝ արդեն սկսել են ՄիԳ-21-երի վերանորոգման աշխատանքները, սակայն հրաժարվել է տրամադրել մանրամասն տեղեկություններ։
Խորհրդային արտադրության ՄիԳ-21 երկրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները մշակվել են դեռ 1950-ական թվականներին «Միկոյան և Գուրևիչ» ընկերության կողմից։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչի 10 հազարից ավել օրինակ։
Ինքնաթիռն ունի մոտ 13,46 մ երկարություն, 4.71 բարձրություն, կշիռը թռիչքի ժամանակ՝ 8625 կգ։ Այն շահագործվում է Աֆղանստանում, Եգիպտոսում, ԿԺԴՀ-ում, Կուբայում, Լաոսում, Սիրիայում, ինչպես նաև Ադրբեջանում։