ՀՀ նախագահը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ի կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:

 

Հանրապետության նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Այդ կապակցությամբ զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Սերժ Սարգսյանը և Ադոլֆ Բիրկհոֆերն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության արդյունքներին:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

Նախագահը ողջունել է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից ու ոլորտի մասնագետներից կազմված անկախ խորհրդակցական մարմնի՝ խորհրդի անդամներին և նիստի բոլոր մասնակիցներին: Խոսքի սկզբում Սերժ Սարգսյանը ցավով և մեծ ափսոսանքով է ներկաներին տեղեկացրել, որ այս տարվա հունվարին կյանքից հեռացել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անդամ, հանրաճանաչ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Հարությունի Վարդապետյանը, ով մեծ դեր է խաղացել միջուկային ֆիզիկայի ոլորտում տեսական և փորձարարական հետազոտությունների ստեղծման և զարգացման գործում: Նախագահն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել անվանի գիտնականի հիշատակը, որից հետո նիստի մասնակիցներին ներկայացրել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նոր անդամին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հովսեփի Ավագյանին, մաղթել նրան հաջող և արգասաբեր աշխատանք:

Նախագահն ընդգծել է, որ խորհրդի ձևաչափով համագործակցության կարևորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հատուկ դերը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Նա բարձր է գնահատել խորհրդի գործունեությունը ստեղծման պահից ի վեր՝ նշելով, որ անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, ինչի համար շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցության համար: Ցուցաբերած օգնության համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԳԱՏԷ-ին և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին:

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես կատարելագործում է ներքին օրենսդրությունը և բարեխղճորեն իրականացնում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Հայաստանի խորհրդարանի կողմից այս տարվա մայիսին վավերացվել են 2005 թվականի «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի փոփոխությունները» և ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին օրենքը՝ կապված միջուկային նյութերի հաշվառման և հսկողության հետ:

Մոտ ապագայում կստորագրվի միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր: Այն հնարավորություն կտա.

• զարգացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքը՝ ռուսական նախագծերով նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը նախապատրաստվելու համատեքստում,
• կազմակերպել միջուկային անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները,
• ընդլայնել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակները:

2012թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվեց էներգետիկայի, ներառյալ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը թույլ է տալիս մեր երկրների միջև խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ավելի սերտ համագործակցություն զարգացնել: Այդ հուշագրի շրջանակներում արդեն իրականացվել է երկու հաջող նախագիծ:

ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային փորձագետների աջակցությամբ հսկայական աշխատանք է տարվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ: 2012թ. պլանային-նախազգուշական նորոգումների ժամանակ հենակետային կառուցվածքներ են տեղադրվել անվտանգության տեսանկյունից կարևոր հիմնական համակարգերի և բաղադրիչների սեյսմակայունությունն ուժեղացնելու համար: Դրանով ավարտվեցին «ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության վերագնահատման ծրագրի» երրորդ՝ վերջին փուլի աշխատանքները՝ համաձայն ՄԱԳԱՏԷ-ի մշակած տեխնիկական պահանջների: Այսպիսով ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակադրակն ապահովված է:

2011թ. անցկացված «ՕՍԱՐՏ» առաքելության խորհուրդներով վերանայվել է «ՀԱԷԿ շահագործման անվտանգության բարձրացման ծրագիրը»: ՀԱԷԿ-ը ներկա պահին իրագործել է առաքելության հիմնական առաջարկություններն ու խորհուրդները: 2013թ. կայացել է ՄԱԳԱՏԷ-ի «ՕՍԱՐՏ» կրկնակի առաքելությունը, որը բավարար առաջընթաց է արձանագրել իրականացվող աշխատանքներում, բայց նաև վեր է հանել խնդրահարույց հարցեր՝ կապված մասնավորապես ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ:

Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մասնագետներն արդեն սկսել են «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը:

Ցանկանում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիան»:

Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները: Հաշվետվությունը քննարկման է ներկայացված Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե: Կոմիտեի փորձագիտական եզրակացության հետ այն մինչև այս տարեվերջ կփոխանցվի Եվրամիության համապատասխան մարմիններին:

Այժմ իրականացվում են ՀԱԷԿ հիմնական համակարգերի, կառուցվածքների և բաղադրիչների ներկայիս վիճակի մոնիթորինգի և մնացորդային պաշարի գնահատման աշխատանքները: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Այս տարվա սեպտեմբերից ռուսական կազմակերպությունների կողմից սկսվել են Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Մեզ համար, իհարկե, դա շատ կարևոր է:

Օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել ՌԴ պատվիրակության ներկայացուցիչներին խնդրանքով, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեսուրսի երկարաձգման աշխատանքներում առավելագույնս ներգրավվեն նաև մասնագիտացված կազմակերպություններ Հայաստանից:

Հայաստանը հաստատում է իր մտադրությունը զարգացնել միջուկային էներգետիկան, և այդ ուղղությունը առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկայի զարգացման ծրագրում: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Նշելով, որ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ-ի, «Հայատոմ» ինստիտուտի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է իրականացրել, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ, այդուհանդերձ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների հանձնարարականները ՀԱԷԿ ղեկավարության կողմից ժամանակին և որակով կատարելու նպատակով: Մասնավորապես՝ անհրաժեշտ է շտապ կատարել միջին ակտիվության թափոնների համապատասխան ծավալի ապահովման և պահպանության պայմանների բարելավման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել հերմոծավալի խտության բարձրացման միջոցառումներ:

Նախագահը խոսել է նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանների լիարժեք ապահովման կարևորության մասին, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանք ավարտին հասցնելու համար Սերժ Սարգսյանը ՀԱԷԿ-ի ղեկավարությանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օժանդակությամբ ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավումը:

Հանրապետության Նախագահը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա, որ անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվի և զարգանա գոյություն ունեցող ենթակառուցվածքը:

Նախագահի բացման խոսքից հետո, խորհրդի անդամներին անցած նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել ՀԱԷԿ տնօրենը և ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը և Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը:

***
Լրացուցիչ տեղեկություններ

ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:

Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և ոլորտի մաuնագետներից:

Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:

Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են`
ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրների վերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաuտումը.
ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահին ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:

Խորհրդի անդամներն են՝

Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)
Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիր քարտուղար (Հայաստան)
Ռոբերտ Ավագյան (Հայաստան)
Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)
Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)
Վալերի Բեզզուբցև (ՌԴ)
Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)
Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)
Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)
Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)
Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)
Ժոզեֆ Միշակ (Չեխիա)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *