Ռուսաստանում մեկնարկել են բազմանպատակ ատոմային «Սևերոդվինսկ» սուզանավի պետական փորձարկումները։ Դրանց ընթացքում նախատեսվում են նաև հրթիռային կրակի արձակման փորձեր։ Փորձարկումների հաջող ընթացքից հետո միայն սուզանավը կշահագործվի։
Ինչպես հետևում է նավաշինական «Սևմաշ» ձեռնարկության հաղորդագրությունից, պետական փորձարկումների ընթացքում ստուգվելու են սուզանավի մանևրային ու արագության հնարավորությունները։
Նշենք, որ սերիայի առաջին սուզանավի՝ «Սևերոդվինսկի» (885 «Յասեն» նախագիծ) նախագծի ընթացային փորձարկումներն անցկացվել են 2011-ից։ Ընդհանուր առմամբ սուզանավն անցել է մի քանի տասնյակ հազար մղոն՝ կատարելով շուրջ հարյուր սուզվելու և ջրից դուրս գալու գործողություններ։ Նավը ծովում մնացել է 222 ժամ։ Փորձարկումների ընթացքում սուզանավի կապիտան Սերգեյ Միտյաևին հաջողվել է ավարտական փուլում տորպեդային կրակի բացման գործողություն իրականացնել։
Հիշեցնենք, որ «Սևերոդվինսկ» սուզանավը կառուցվել է 1993-ի դեկտեմբերին, իսկ 2010-ի հունիսից սկսել են ջրի վրա փորձարկումներ կատարել։ Սկզբնական շրջանում որոշվել էր սուզանավը շահագործել 2011-ից, սակայն ՌԴ ՌԾՈւ-ին սուզանավի հանձնման ժամկետները չեղյալ հայտարարվեցին, քանի որ անհրաժեշտություն էր ծագում ամեն անգամ սուզանավը ծովից դուրս բերելուց հետո այս կամ այն չափով վերանորոգել այն։
Հավելենք, որ «Յասեն» նախագծի բազմաթիրախային սուզանավերն օժտված են 13.8 հազար տոննա ջրատարողունակությամբ, կարող են բացել մինչև 30 հանգույց արագություն, սուզվել մինչև 600 մ խորության վրա, ինքնուրույն ջրում մնալու առավելագույն ժամանակահատվածը՝ 100 օր։ Սուզանավի անձնակազմը մինչև 90 հոգի է, այդ թվում՝ 32 սպաներ։ Այն զինված է 10 միավոր տորպեդային համակարգերով՝ յուրաքանչյուրը 533 մմ տրամաչափի, ինչպես նաև «Կալիբր» ու «Օնիքս» թևավոր հրթիների արձակման կայաններով։
885 «Յասեն» նախագծի «Սևերոդվինսկ» սուզանավը նախատեսված է հակառակորդի ատոմային, հիմնականում մարտավարական հրթիռային սուզանավերի ոչնչացման համար, նաև ունակ է հարվածներ հասցնել ավիակիրների խմբերին, ռազմաբազաներին, նավահանգիստներին, առափնյա թիրախների։