Հյուսիսային Կորեայի ռազմանավի նավաբեկության հետևանքով 19 մարդ է զոհվել

Նվազագույնը 19 հյուսիսկորեացի զինվորական է զոհվել հոկտեմբերի վերջին Կորեայի թերակղզուց արևելք գրանցված նավաբեկության ժամանակ։ ԿԺԴՀ-ի իշխանությունները չեն հաղորդում՝ իրականում ինչ առաքելություն էր կատարում ռազմանավն այդ հատվածում։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, 233 կողային համարով ռազմանավը խորտակվել է մարտական հերթապահության ժամանակ։

Նշենք, որ պաշտոնական Փհենյանը նաև լուսանկարներ է տարածել, որտեղ պետության ղեկավարը՝ Կիմ Չեն Ինը, ծաղիկներ է դնում զոհված նավաստիների հուշարձանին։ Նկարներից մեկում երևում են 19 շիրիմներ։ Հավանաբար այդ պատճառով էլ «Ռոյթերսը» նշում է, որ զոհերը 19 հոգի էին։

Սակայն Հարավային Կորեայի լրատվամիջոցները հաղորդում են, որ զոհերի թիվն իրականում շատ ավելի է, իսկ նավաբեկությունն էլ գրանցվել է ծովային զորավարժության ժամանակ։ Մի շարք այլ լրատվակայքեր էլ որպես նավաբեկության պատճառ նշում են «դեռևս անհայտ մեկ այլ ռազմանավի կողմից հարձակումը»։

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Հավելենք, որ 1950-53 թվականների Կորեական պատերազմից հետո մինչ օրս Կորեայի Հանրապետության և ԿԺԴՀ-ի միջև գերլարված հարաբերություններ են, իսկ պատերազմի վերսկսման հավանականությունը շարունակում է պահպանվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *