Արցախյան պատերազմում ու դրանից հետո Ադրբեջանի կորուստների մասին

1988-1994 թթ. Արցախյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստները, ինչպես և հետպատերազմյան շրջանում մինչ օրս զոհերի թիվը պաշտոնական մակարդակով չի հաղորդվում: Այս հանգամանքը դրդել է ադրբեջանական ընդդիմադիր թերթին սեփական հետաքննությունն իրականացնել:

Արցախյան պատերազմում ադրբեջանցիները

Արցախյան պատերազմում ադրբեջանցիները

«Ենի Մուսավաթ» թերթը հրապարակել է սեփական ռեսուրսներով ու աղբյուրներով կատարած հետաքննության տվյալներո: Համաձայն դրանց՝ Արցախյան պատերազմում Ադրբեջանի կորուստները շատ էին հատկապես Աղդամի ուղղությամբ, նաև՝ 1994-ին Քարվաճառի մարտերում: Թերթի վկայությամբ՝ «Ադրբեջանի հրամանատարության թույլ տված սխալների հետևանքով երկիրն այդ մարտերում միայն կորցրել է հազարավոր զինծառայողներ»:

Նույն աղբյուրի խոսքերով՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանում գրանցվել է 20 հազար զոհ, 50 հազար վիրավոր, 486 անհայտ կորած: Աղդամում կորցրել են 7000 հոգի:

«Կորուստները չեն սահմանափակվում մարտական գործողությունների շրջանով: 1994-ի մայիսին հրադադարից հետո ադրբեջանական բանակը կորցրել է ևս 1000 զինվոր, իսկ 1995-ից մինչ օրս՝ 5000 զինծառայող»,-գրում է թերթը:

Հիշեցնենք, որ եթե ադրբեջանական զինված ուժերի հետպատերազմյան վերջին տարիների կորուստների վերաբերյալ մենք որոշակի տեղեկություններ ենք քաղում լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնից, ապա Արցախյան պատերազմում ադրբեջանական կորուստների մասին տվյալներն ու դրանց աղբյուրները հակասական են:

Այսպես, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1994-ի հունիսին նշել է 21 հազար զոհերի, իսկ որդին՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը, 2011-ի հոկտեմբերին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության եթերում շեշտել է 13-15 հազար կորուստների ու անհայտ կորած ադրբեջանցիների մասին:

Հավելենք, որ դեռևս 2007-ի փետրվարին ադրբեջանական մի շարք ՀԿ-ների ու փորձագետների հավաքագրած ու հրապարակած տվյալներով՝ Արցախյան պատերազմում զոհվել է 24 հազար ադրբեջանցի զինծառայող, իսկ 4500-ը՝ անհայտ կորել: Տարբեր ժամանակաշրջանում Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների նշած տվյալները տատանվում են 10-ից 50 հազարի սահմաններում: Պաշտոնական Բաքուն փորձում է հարկ եղած դեպքում հնարավորինս քիչ թիվ ներկայացնել:

Նկատենք, որ Արցախյան պատերազմի վետերանների թվի առնչությամբ էլ Ադրբեջանում նույն հակասությունն է: 2013-ի հունիսի դրությամբ գրանցված վետերանները 49 հազար 892 են, մինչդեռ 2012-ն եղել են 50 հազար 978: Ստացվում է՝ ավելի քիչ, քան մեկ տարի ժամանակահատվածում Ադրբեջանում մահացել է 1086 վետերան:

Կարևոր է նշել, որ «Ենի Մուսավաթի» տվյալներին ևս պետք չէ ամբողջովին վստահել, քանի որ Ադրբեջանում հետընտրական շրջան է, ընդդիմադիր թերթը առիթը բաց չի թողնի իշխանությունների արատները շեշտելու, հաճախ էլ՝ չափազանցնելու, հատկապես որ թերթը չի գրում՝ ինչ աղբյուրներից է օգտվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *