Հոկտեմբերի 26-ին, ադրբեջանական լրատվամիջոցների վկայությամբ, առաջնագծում՝ Մարտակերտի ուղղությամբ, Ադրբեջանի զինված ուժերը մարտական կորուստ է գրանցել: ՀՀ ՊՆ-ն մեկնաբանում է իրավիճակը:
Ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը, հղում անելով տեղի՝ «Տերտերի շրջանի լրատվամիջոցներին», որոշ ժամանակ անց նաև՝ առանց աղբյուր նշելու ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդում են՝ «հայկական կողմից բացված կրակից» զոհվել է 1990-ին ծնված Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Այդին Ամիրսուլթան օղլու Աբդուլաևը:
Նշված ադրբեջանական աղբյուրները գրում են, որ զինծառայողը գլխի հրազենային վնասվածք է ստացել:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի մեկնաբանել միջադեպը:
Ռազմինֆոն իրավիճակը պարզաբանելու նպատակով կապվեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշեց. «Մենք դժվարանում ենք ասել՝ արդյոք Տերտերի դեպքը կապված է առաջնագծում Ադրբեջանի զինծառայողների ներքին կարգապահության խնդիրների հետ: Բայց հիշեցնում ենք, որ օրեր առաջ զգուշացրել էինք՝ ցանկացած սադրանքի շեշտակի պատասխան ենք տալու, և ողջ պատասխանատվությունն Ադրբեջանի ուսերին է»:
One response to “Ադրբեջանը հաղորդում է առաջնագծում զոհի մասին. ՀՀ ՊՆ-ն մեկնաբանում է”