Արտակարգ դրություն՝ Ադրբեջանի սահմանամերձ Թովուզի շրջանում զինված դասալիքի պատճառով

Հայ-ադրբեջանական սահմանամերձ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայողը, իր հետ վերցնելով իրեն ամրակցված ինքնաձիգը, առանց թույլտվության լքել է զորամասը: Թովուզի և Աղստաֆայի շրջաններում ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է ծավալել:

Ինչպես տեղեկացնում են Թովուզի շրջանի ոստիկանական բաժանմունքից, տեղի զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Ջամիլ Էլհան օղլու Հուսեյնզադեի դասալքության մասին հաղորդվել է իրավապահ մարմիններին:

Թովուզի շրջանում ոստիկանական հսկիչ անցակետեր են ստեղծվել, որտեղ ստուգում են շրջան մուտք գործող և հեռացող բոլոր ավտոմեքենաները` զինծառայողին հայտնաբերելու նպատակով: Ներկա դրությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեռևս պարզ չէ զինծառայողի դասալքության պատճառը:

Հավելենք նաև, որ Թովուզի զորամասերն ընդգրկված են Շամխորի բանակային կորպուսի կազմում: Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *