ՌԴ-ում պաշտոնապես պարզվել է «Բուլավա» հրթիռի ձախողման պատճառը

Պաշտոնապես պարզվել են «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» միջմայրցամաքային հրթիռի  անհաջող արձակման պատճառները։ Թեև դրանք հանրությանը չեն ներկայացվում, բայց թերությունները շտկելու համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալ Օլեգ Բոչկարևին։

«Եղած անսարքությունները հիմա շտկվում են։ Ամենակարևորն այն է, որ  հասկացվել է, թե որտեղ է անճշտություն թույլ տրվել»,- ասել է Բոչկարևն «Ինտերփոլիտիքս-2013» ցուցահանդեսի ժամանակ։

Նա չի հստակեցրել, թե հատկապես որոնք են հրթիռի ձախողման պատճառները, բայց նշել է, որ նոր զենքի մշակման ընթացքում նման տեխնիկական հարցեր միշտ էլ առաջանում են։

Ըստ Բոչկարևի՝  բարդ աշխատանք է տարվում, և այդ սուզանավը նորմալ վիճակում կընդունվի մարտական հերթապահության։

Նշենք, որ դեռ սեպտեմբերի սկզբին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։ Պատճառը Սպիտակ ծովում փորձարկումների ժամանակ «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» հրթիռի  կրկին անհաջող արձակում էր։

Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց հրթիռի համակարգում ասնարքություններ են առաջացել։

Տեղեկացնենք, որ միջադեպից  մի քանի օր անց ռուսական աղբյուրներում սկսվեց շրջանառվել, որ  «Բուլավա-30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի  ձախողման պատճառը  շարժիչի քարշի վեկտորը փոփոխող համակարգի խափանումն է։

Հրթիռի վրա տելեմետրիկական սարքավորում տեղադրված չի եղել, քանի որ այն եղել է սերիական առաջին հրթիռներից։ Բացի այդ, փորձարկման նպատակը ավտոմատացված համակարգերի ստուգումն էր։

Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։

«Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

One response to “ՌԴ-ում պաշտոնապես պարզվել է «Բուլավա» հրթիռի ձախողման պատճառը

  1. Pingback: Բուլավան դարձյալ կփորձարկվի աշնանը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *