Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցում քննադատական հոդված է հայտնվել Սաֆար Աբիևի օրոք պաշտպանության նախարարության քաղաքականության վերաբերյալ, մինչդեռ նույն կայքն Աբիևի պաշտոնավարման ընթացքում բանակի թերացումների մասին լռում էր։
SalamNews լրատվական կայքին «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուն ասել է, որ Ադրբեջանում կադրային փոփոխություններ են կատարվել այն նախարարություններում, որոնք առավել շատ են ենթարկվել քննադատությունների։ «Պաշտպանության նախարարությունը փոփոխությունների կարիք ուներ։ Փոփոխության պատճառ են հանդիսացել նաև այս բնագավառում զինծառայողների մահվան դեպքերի զգալի քանակն ու կոռուպցիան»,-շեշտել է փորձագետը։
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ նույն Էլհան Շահինօղլուն քիչ թե շատ ընդդիմադիր դիրքորոշմամբ «Թուրան» լրատվական գործակալությանն օրեր առաջ մեկնաբանել է հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները՝ բացասական գնահատական տալով դրանց, ինչպես նաև ընտրարշավին։
Ստացվում է՝ Ադրբեջանում իշխանական և ոչ իշխանական տեղեկատվական ռեսուրսներով բարձրաձայնվում է, որ Սաֆար Աբիևի պաշտոնավարման ժամանակ Ադրբեջանի զինված ուժերում լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, այդ թվում՝ ոչ մարտական պայմաններում կորուստների նկատելի քանակը։
Պատճառը թերևս այն է, որ բանակում թերացումներն այնքան զգալի են, որ դրանց մասին չխոսելը չափից դուրս կանխակալ մոտեցման մասին կվկայեր։ Բացի այդ, իշխանական մամուլը փորձում է թե´ հիմնավորել նոր նախարարի նշանակումը, թե´ այդ քայլը մատուցել որպես Ալիևի նոր պաշտոնավարման առաջին հանրօգուտ փոփոխություններից մեկը։
Կարող ենք նաև եզրակացնել, որ ՊՆ-ում և ԶՈւ-ում նշանակալից թերացումների մասին խոսելով՝ իշխանամետ գործակալությունները կարծես նախապատրաստում են Ադրբեջանի հասարակությանը, որ խնդիրները շատ են, դրանց լուծման համար շատ ժամանակ է պահանջվում, նոր նախարարը ստացել է «խնդիրներով հղի պաշտպանության նախարարություն», ուստի ցանկալի չէ ի սկզբանե բարեփոխումներ և դրանց արդյուքներ պահանջել։ Միաժամանակ բանակում առկա թերությունների ողջ բեռն ակամայից ընկնում է Սաֆար Աբիևի վրա, ով իր հերթին ուսերից գցել է պատասխանատվությունը, քանի որ արդեն նախկին նախարար է։