Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական ոչ մարտական պայմաններում միջադեպը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է ադրբեջանական մամուլի տեղեկությունները, որ Շամխորի կորպուսի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող Նադիր Մաղերրամ օղլու Շաբանովը վիրավորվել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։
Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։
Հայտնի է, որ Շաբանովը զորակոչվել է Զագաթալի շրջանից։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այն առաջատարն է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։