Ռուսաստանը սեպտեմբերի 24-ին Լիբիային է տրամադրել «Խրիզանտեմա-Ս» հակատանկային համակարգերի հերթական 10 միավորանոց խմբաքանակը։ Նախորդ 4 միավորը Լիբիային էին հանձնվել դեռևս Մուամմար Քադաֆիի կառավարման ժամանակ՝ 2010 թվականին։
Համակարգերի հանձնման արարողությանը ներկա են եղել Լիբիայի ԶՈւ և Ցամաքային զորքերի շտաբների պետերը, Լիբիայում Ռուսաստանի դեսպանն ու այլ պաշտոնատար անձինք։
ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենայի հիմքի վրա պատրաստված համակարգը նախատեսված է տանկերի ու այլ զրահատեխնիկայի այդ թվում ակտիվ պաշտպանությամբ, ինչպես նաև դանդաղ թռչող օբյեկտների ու պաշտպանական կառույցների ոչնչացման համար։
Անձնակազմը 2 հոգի է։ Խրիզանտեման սպառազինված է հակատանկային 152 մմ տրամաչափի հրթիռներով, որոնց խոցման հեռավորությունը 0,4-ից 5 կմ է, կումուլյատիվ մարտական մասի զրահահարությունը՝ 1100-ից 1200 մմ։ Զինված է նաև 7,62 գնդացրով, իսկ առավելագույն արագությունը 70 կմ/ժ է։
Մեքենան ՌԴ սպառազինության է ընդունվել 2004-ին։