Կորեական Կ-2 («Սև պանտերա») տանկի փորձարկումների ժամկետը երկարացվում է՝ հայտնաբերված տեխնիկական խնդիրների պատճառով։ Օգոստոսին անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ տանկի շարժիչն ու տրանսմիսիան չեն համապատասխանում տրված պահանջներին։
Թեև նախատեսված էր, որ առաջին K-2 տանկերը հարավկորեական բանակ կուղարկվեն արդեն 2014-ին, սակայն այս պայմաններում դրանց մատակարարումը բանակին հնարավոր կլինի միայն 2016-ից սկսած։
Հարավկորեացի նախագծողների կողմից առաջարկված շարժիչը դեռևս ապրիլին ձախողել էր շահագործման ժամկետի փորձարկումները։ Այն ժամանակ Կորեայի Հանրապետության պաշտպանական գնումների ծրագրերի գործակալության կողմից նախագծողներին հնարավորություն էր տրվել արդիականացնել շարժիչը ու նորից մասնակցել փորձարկումներին։
Սակայն օգոստոսին անցկացված փորձարկումները ցույց տվեցին, որ դրանք բավարար մակարդակի չեն հասցվել։ Այս պայմաններում էլ Հարավային Կորեան չի հրաժարվում սեփական տանկ ստեղծելու գաղափարից։ Դրանք հավանաբար կարտադրվեն գերմանական MTU-883 շարժիչներով, որոնք ներկայումս դրված են արդեն արտադրված օրինակների վրա։
K-2 տանկը ներկայումս համարվում է աշխարհի ամենաթանկ տանկերից մեկը։ Հիմնական պատճառը նրա հագեցած «միջուկն» է։ Տանկի վրա դրված է ժամանակակից համակարգչային տեխնիկա։ Տանկի քաշը 55 տոննա է, զինված է 120 մմ թնդանոթով, 7,62 մմ կցված գնդացրով ու 12,7 մմ զենիթային գնդացրով։
Տանկը կրակելու է KSTAM «խելացի արկերով», որոնք օդապարիկներով կախվում են օդում ու իրենք են հայտնաբերում թիրախներ։ Տանկի նախնական գինը 8,5 մլն դոլար է, սակայն սպասվում է, որ սերիական արտադրության դրվելուց հետո այն ավելի էժան կլինի։