Ֆրանսիան Սիրիայի «քիմիական զինաթափման» բանաձևի նախագիծ է առաջարկելու

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ պաշտոնական Փարիզն առաջարկելու է ՄԱԿ ԱԽ-ին քննարկել Սիրիայի քիմիական զինաթափման սահմանվելիք պայմանների վերաբերյալ բանաձևի նախագիծը։

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ Ֆաբիուսը շեշտել է, որ նախագծում ընդգրկվել են քիմիական զենքի հանձնման պայմանները չկատարելու դեպքում Սիրիային սպասվող պատժամիջոցները։ Ընդ որում, հղում է արվել ՄԱԿ կանոնադրությանն 7-րդ հոդվածին, որը ենթադրում է թե´ ոչ ռազմական, թե´ ռազմական ուժի կիրառում՝ նախապայմանները չկատարելու ժամանակ։

Գրեթե նույն ժամանակ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան անհապաղ կդիմի Դամասկոսին՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում քիմիական զենքի պաշարները միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ հստակ ծրագիր մշակելու կոչով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել էր Սիրիայի կառավարությանը քիմիական պաշարների վերահսկողություննն ամբողջությամբ վստահել միջազգային կառույցներին, իսկ քիմիական թունավոր նյութերը ոչնչացնել։ Սիրիայի ԱԳՆ-ն անմիջապես համաձայնել էր առաջարկին։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և նրա մի շարք դաշնակիցների համար Սիրիային հնարավոր հարված հասցնելուն առիթ է ծառայել օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Արևմտյան տերությունները քիմիական հարձակման պատասխանատու են համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն պաշտոնական Դամասկոսը, ինչպես նաև Մոսկվան, հերքում են սիրիական կառավարության մասնակցությանը միջադեպին՝ դրանում մեղադրելով Ասադի հակառակորդ զինյալներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *