Թուրքիայի տարածքը շուրջ 600 PKK-ական է լքել

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) հրադադարի հաստատումից հետո Թուրքիայի տարածքից դուրս է բերել շուրջ 600 անդամի։

Ընդհանուր առմամբ, մայիսից մինչ սեպտեմբեր Թուրքիայից դուրս է բերվել 29 խումբ PKK-ական։ Առաջին խումբը Թուրքիայի տարածքը լքել է մայիսի 14-ին։
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը՝ հղում կատարելով PKK-ի հրապարակած տվյալներին։

PKK

Այսպիսով, Թուրքիայի տարածքում քրդական կազմակերպությունը դեռ մի քանի հարյուրից մինչ մի քանի հազար անդամ կարող է ունենալ. PKK-ի թվաքանակի վերաբերյալ տվյալները խիստ տարբեր են և հակասական (1,5-5 հազար մարդ)

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին PKK-ն հայտարարեց Թուրքիայի տարածքից դուրսբերումը դադարեցնելու մասին։ Քրդական կազմակերպությունը միևնույն ժամանակ ընդգծեց, որ շարունակելու է պահպանել հրադադարի ռեժիմը։ PKK-ն իր այս քայլը բացատրել է նրանով, որ Թուրքիայի իշխանությունները հստակ քայլեր չեն կատարում քրդական հարցի ուղղությամբ և խոստացած բարեփոխումներն ուշանում են։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է 45 հազարից ավել մարդ:

Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։

Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից, ինչպես նաև հրադադար հաստատվեց։ Սպասվում էր, որ կազմակերպությունն ամբողջովին կլքի Թուրքիան աշնան առաջին ամիսներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *