ՌԴ ՊՆ փորձում է փոխել պայմանագրային զինծառայության պայմանները

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ ՊՆ-ն մտադիր է կրճատել ԶՈւ պայմանագրային հիմունքներով ծառայության նվազագույն ժամկետը, որը ներկա դրությամբ 3 տարի է։

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան», այս քայլով պաշտպանության նախարարությունը նպատակ է հետապնդում ներգրավել բուհերի ավելի մեծ թվով շրջանավարտների։
Ըստ աղբյուրի՝ ներկայումս շրջանավարտների մեծ մասը նախընտրում է ծառայություն անցնել 12 ամսյա ժամկետով, քանի որ նվազագույնը 3 տարվա պայմանագիրը շատ երկար է թվում նրանց։ Ուստի ՊՆ-ն կարծում է՝ պայմանագրային զինծառայության ժամկետը դարձնելով 2 տարի՝ շրջանավարտներն ընտրություն կանեն՝ հօգուտ պայմանագրային հիմունքների, քանի որ վերջինիս պայմաններն առավել բարվոք են։

ՌԴ ՊՆ-ն հույս է հայտնում, որ պայմանագրով ծառայություն անցած շրջանավարտների մի մասը կշարունակի ռազմական գործունեությունն ու կմնա բանակում։
Որպես հերթական խթանող միջոց դիտարկվում է նաև բանակային հիպոտեկային վարկը։ Պաշտպանության նախարարությունը փորձելու է բուհերի շրջանավարտներին բանակային վարկ վերցնելու թույլտվություն շնորհել զինծառայության պայմանագրի կնքումից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ պարտադիր զինծառայություն անցնող զինվորները զորամասում են մնում, իսկ պայմանագրայինները՝ հանրակացարաններում։ Պարտադիր զինծառայողները ստանում են ամսական 2000 ռուբլի (մոտավորապես 60 ԱՄՆ դոլար), իսկ պայմանագրայինները՝ 30-35 հազար (893-1042 ԱՄՆ դոլար)։

Հավելենք, որ սա ՌԴ ՊՆ-ի հերթական նախաձեռնություններից մեկն է։ Մասնավորապես, ՊՆ-ն մտադրություն ունի ներմուծել զորակոչի այնպիսի համակարգ, որը թույլ կտա պարտադիր զինծառայություն անցնել ուսման տարիների ընթացքում։ Հետևելով դրան՝ 2013-ի գարնանը ՌԴ ԶՈւ շրջանակներում կազմավորվել է 35 հոգուց բազկացած, այսպես կոչված «գիտական վաշտ», որտեղ ընդգրկված զինծառայողների գիտական ուսումնասիրությունները ՊՆ-ն գնահատել է իր համար «արդյունավետ ու օգտակար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *