Սիրիայի հարցի շուրջ ՌԴ դիրքորոշումն ու Սիրիայի ԱԳՆ հայտարարությունը

Օգոստոսի 28-ին ՌԴ դիվանագետները լքել են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվելու էր Սիրիայի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևի նախագիծը։

Համաձայն «Ռիա Նովոստի» գործակալության տվյալների՝ քննարկումը շարունակվել է առանց ՌԴ ներկայացուցիչների։ Դրան մասնակցել են Արևմուտքի մի շարք երկրներ։
Սակայն ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչությունից հայտնում են, որ իրենք «ելույթ չեն ունեցել, դահլիճից հեռացել են միայն քննարկման ավարտից հետո»։ Իսկ «Իտառ Տասս» գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ ու Չինաստանի ներկայացուցիչները մեկ ժամ անց հեռացել են քննարկումից՝ «մասնակցելու համար Հաիթիի իրավիճակին վերաբերող մեկ այլ քննարկման»։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ ներկայացվելիք բանաձևում քննադատվում է Սիրիայի կառավարությունը՝ քիմիական զենք կիրառելու համար,ինչպես նաև կոչ է արվում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Սիրիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով։
Ռուսական հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ՌԴ ու Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռուհանին քննարկել են Սիրիայի հարցը՝ եզրակացնելով, որ «քիմիական զենքի կիրառումը, անկախ նրանից, թե ով է այն օգտագործել ու ինչի համար, անթույլատրելի է, սակայն Սիրիայի հակամարտությունը պետք է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»։
Նրանք նաև անհանգստություն են հայտնել Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի՝ Սիրիայի հնարավոր հրթիռակոծման ակնարկների վերաբերյալ՝ հիշեցնելով, որ ՆԱՏՕ անդամ Իտալիան, ապա Հունաստանն ու Պորտուգալիան ևս չեն ողջունում ռազմական միջամտությունը։
Հավելենք, որ օգոստոսի 28-ի երեկոյան Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է ՄԱԿ-ի փորձագետներին տրամադրել բոլոր ապացույցները, որ կառավարական զորքերը քիմիական զենք չեն կիրառել։ Ավելին, նրա խոսքերով՝ Սիրիայի իշխանություններն ունեն անհերքելի վկայություններ, որ քիմիական զենքը կիրառվել է զինյալների կողմից։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստիի» թղթակիցը Սիրիայից, նույն օրը՝ ժամեր անց, Միքդադն ուղևորվել է այն գրասենյակը, որտեղ հավաքված են լինում ՄԱԿ-ի փորձագետները, ներս է մտել՝ ինչ-որ ծրար ձեռքին, դուրս է եկել՝ առանց ծրարի։
Հավելենք, որ Չակ Հեյգելը BBC-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն արդեն պատրաստ վիճակի է բերված՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածներ հասցնելու նպատակով։ Նրանք սպասում են Բարաք Օբամայի հրամանին։
Ներկա դրությամբ Սիրիայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Պարբերաբար ստացվում են հակասական տեղեկություններ ամենատարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից, որոնց իսկությունը ստուգելը բարդ է։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են Ասադի կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության ունեցած ապացույցների մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *