Իրադրությունը Սիրիայում. օգոստոսի 29. թարմացվող լրահոս

Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Սիրիայում մեծանում է արտաքին ռազմական միջամտության հավանականությունը։
Ռազմինֆոն ամենօրյա ռեժիմով նման ձևաչափով կներկայացնենք տվյալ օրվա ուշագրավ իրադարձությունները Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
***
18։40 ” Մեծ Բրիտանիայի կառավարությունն օգոստոսի 29-ին հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ արդարացվում է Լոնդոնի ՝ Սիրիային ռազմական հարված հասցնելու նպատակները։ Դևիդ Քեմերոնի կառավարության կարծիքով՝ բոլոր անհրաժեշտ պայմանները կան՝ գործողությունը սկսելու համար։
Առաջին հերթին՝ «աշխարհի երկրների մեծ մասը համոզված է, որ սիրիական վարչակարգը սեփական ժողովրդի նկատմամբ քիմիական զենք է կիրառել», երկրորդ՝ «ռազմական ուժ չգործածելու ուրիշ իրական տարբերակ չկա » և երրորդ՝ «ուժ կկիրառվի հումանիտար իրավիճակը թեթևացնելու համար նվազագույն մասշտաբներով»։
***
18։10 ” Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխաիլ Բոգդանովն ու ՌԴ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Լու Հուեյը Մոսկվայում հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հարցը։
***
18։05 ” Ռուսասանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայի հետ կապված զարգացումները։ Կողմերը կարևորել են Սիրիայում քիմիական հարձակման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների կողմից ՄԱԿ ԱԽ-ին տրամադրվելիք արդյունքների ուսումնասիրությունը։
***
16։50 ” Սաուդյան Արաբիայի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության՝ կապված Սիրիա հնարավոր ներխուժման հետ, տեղեկացնում է Russia Today-ը։
***
16։24 ” «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ ԳՇ սեփական աղբյուրներին, հաղորդում է, որ Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման նավակազմը մոտ օրերս կկհամալրվի մեծ հակասուզանավային նավով: Ավելի ուշ դրան կմիանա Սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռակիր հածանավը։ Ըստ աղբյուրի՝ դա կապված է «Այժմ Արևելյան Միջերկրածովում ստեղծված հայտնի իրադրության հետ»։
***
16։18 ” Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը Կիպրոսում գտնվող բրիտանական Ակրոտիրի ավիաբազա են տեղափոխել 6 միավոր Typhoon կործանիչ։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
***
16։10 ” «Սիրիան իր աննկուն ժողովրդով և քաջ բանակով շարունակելու է ոչնչացնել ահաբեկչությունը, որը ղեկավարվում է Իսրայելի և արևմտյան պետությունների կողմից՝ տարածաշրջանում նրանց շահերի համար»,-նման հայտարարություն է արել Բաշար Ասադը Եմենից ժամանած պատվիրակության ընդունելության ժամանակ։
Ասադը հավելել է, որ Սիրիան պաշտպանելու է իրեն ցանկացած հարձակումից, և արտաքին ագրեսիան միայն ամրապնդելու է իրենց հաստատակամությունը։
***
14։02 ” ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆերին նշել է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի Ղուտա շրջանում գործի դրված քիմիական զենքը պատրաստվել է Թուրքիայի տարածքում։ Քիմիական զենքը ստեղծվել է Թուրքիայի, Քաթարի ու Սաուդյան Արաբիայի աջակցությամբ, նշել է սիրիացի պաշտոնյան։ Այս տեղեկությունն ակտիվորեն շրջանառվում է նաև թուրքական լրատվամիջոցներով։
***
13։00 ” Սիրիայի զինված ուժերի մեծ թվով զինծառայողներ պատրաստակամություն են հայտնել դառնալ մահապարտներ արտաքին ռազմական միջամտության դեպքում, փոխանցում են Guardian-ը։
Մասնավորապես, Սիրիայի ԶՈւ սպաներից մեկն անգլիական թերթի հետ զրույցում նշել է, որ 8000 զինծառայող է պատրաստ մահապարտ դառնալ։ Նա նաև հավելել է, որ նրանցից 13-ն օդաչուներ են, որոնք պատրաստ են իրենց վարած ինքնաթիռներով հարվածել Սիրիայի վրա հարձակում գործած հակառակորդի օդուժին։
***
12։52 ” ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը քննարկել են Սիրիայի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Օբամային հնարավորություն տալ դիվանագիտությանը։
***
12։20 ” ՄԱԿ-ի փորձագետները կրկին սկսել են աշխատել այն շրջաններում, որտեղ ենթադրաբար օգտագործվել է քիմիական զենք։
Օգոստոսի 29-ի առավոտյան մասնագետներին կրկին հնարավորություն է տրվել այցելել Ղուտա և ուսումնասիրություններ իրականացնել։ Վերջիններս աշխատանքները սկսել էին երկուշաբթի օրը։
***
11։10 ” Օգոստոսի 28-ի երեկոյան Դամասկոսում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է՝ Սիրիայի կառավարությունը պատրաստ է ՄԱԿ-ի փորձագետներին տրամադրել բոլոր ապացույցները, որ կառավարական զորքերը քիմիական զենք չեն կիրառել։ Ավելին, նրա խոսքերով՝ Սիրիայի իշխանություններն ունեն անհերքելի վկայություններ, որ քիմիական զենքը կիրառվել է զինյալների կողմից։
***
11։08 ” Օգոստոսի 28-ին ՌԴ դիվանագետները լքել են ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ քննարկվելու էր Սիրիայի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկած բանաձևի նախագիծը։ Մանրամասները՝ այստեղ։
***
10։57 ” ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման PBS-ի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, թե Սիրիայի քաղաքացիական պատերազմին միջամտությունը չի փրկի Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Օբաման նաև նշել է, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական հարձակման հետևում կանգնած է Բաշար Ասադի վարչակարգը՝ միևնույն ժամանակ որևէ ապացույց չներկայացնելով։ Նա միայն նշել է, թե «ապստամբները դժվար թե քիմիական զենք և նրա տեղափոխման համար հարմարանքներ ունենան»։
«Ամերիկյան միջամտությունը պետք է հզոր ազդանշան լինի, որ ավելի լավ է՝ նման բան այլևս չանեն»,-Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ նշել է Օբաման՝ հավելելով, որ հարվածը պետք է լինի ոչ շատ մեծ մասշտաբների։
***
10։50 ” Թուրքիայում սկսել են 5 մետր բարձրությամբ պատ կառուցել այն զորամասի շուրջ, որտեղ ենթադրաբար տեղակայված են ՆԱՏՕ-ի տրամադրած «Փեթրիոթ» (Patriot PAC-3) հակաօդային պաշտպանության համակարգերը:

Մասնավորապես, ակտիվ շինարարական աշխատանքներ են նկատվել Թուրքիայի Ադանա նահանգի Սեյհան շրջանում գտնվող ժանդարմերիայի ռազմակայանում, տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը։ Ռազմական օբյեկտի շուրջ սկսել են մինչև 5 մետր բարձրությամբ պարիսպ կառուցել։
Հիշեցնենք, որ «Փեթրիոթ» զենիթահրթիռային համակարգերը Թուրքիա էին տեղափոխվել ԱՄՆ-ից, Հոլանդիայից և Գերմանիայից դեռ այս տարվա սկզբին այն բանից հետո, երբ պաշտոնական Անկարան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ «Սիրիայից պաշտպանվելու համար» վերոնշյալ զինատեսակից տրամադրելու խնդրանքով։
***
10։30 ” Իսրայելի կառավարությունը օգոստոսի 28-ին որոշում է կայացրել անցկացնել պահեստազորի մոբիլիզացիա, տեղեկացնում է AFP-ն։
Հայտնի չէ Իսրայելի պաշտպանության բանակ զորակոչվող պահեստազորայինների թիվը, սակայն ենթադրվում է, որ նրանք կտեղակայվեն Իսրայելի հյուսիսային հատվածում։ Այդ հատվածում իսրայելցիները կուտակել են նաև հակահրթիռային և հակաօդային պաշտպանության տարրեր։
Իսրայելը պաշտպանում է հարևան Սիրիային հարվածներ հասցնելու մտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *