Յակ-130 ինքնաթիռի պատվիրատուները կարող են այն անձամբ փորձարկել

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռով հետաքրքրվող հավանական պատվիրատուները կարող են ՄԱԿՍ-2013 ավիցուցահանդեսինանձամբ փորձարկել ինքնաթիռի հնարավորություններն օդում՝ կատարելով ճանաչողական թռիչք։

Այս մասին հայտնում է «Ռուսօբորոնէքսպորտի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Յակ-130-ը ներկայացված է օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք, Ժուկովսկի ՄԱԿՍ-2013 ավիցուցահանդեսին։ Ցուցահանդեսին ներկա, «Ռուսօբորոնէքսպորտի» գործադիր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Միխեևը հայտարարել է, որ ցուցադրությունից հետո որպես Յակ-130-ի հիմնական գնորդներ տեսնում է Ուկրաինային ու Ղազախստանին։

Հավելենք, որ Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը նախագծել է ռուսական «Իրկուտ» ընկերությունը: Ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։

Յակ-130-ը կարող է օգտագործվել որպես թեթև գրոհիչ ինքնաթիռ. այն կարող է կրել 23 մմ թնդանոթներ, «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» տիպի հրթիռներ, ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000 կգ է։

Յակ-130 ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել հինգերորդ և 4++ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։ Մեկ միավոր Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է Յակ-130 ուսումնա-մարտական ինքնաթիռներով։ Այս մասին թույլ է տալիս ենթադրել «Յակովլևի փորձարարա-կոնստրուկտորական բյուրոյի» 2012 թվականի հաշվետվությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *