Գնդապետ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության

2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ եղած հանցագործության փաստով ՊՆ Քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով 2013 թվականի օգոստոսի 14-ին ստացվել է համակարգչատեխնիկական և տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին: Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել»:

Փորձաքննության եզրակացությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծանոթանալու համար 22.08.2013 թ. տրամադրվել է քրեական գործով տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, մեղադրյալ Արտակ Բուդաղյանին և նրա պաշտպան Հայկ Ալումյանին:

Եզրակացությանը ծանոթանալուց հետո մեղադրյալ Արտակ Բուդաղյանը հրաժարվել է ցուցմունք տալ և առերես հարցաքննվել քրեական գործով տուժող Նիկոլայ Աբրահամյանի, վկաներ Կարինե Հարությունյանի, Լարիսա Բարսեղյանի և Անգելինա Քայանի հետ` նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունների կապակցությամբ:

23.08.2013թ. ժամը 10:00-ին մեղադրյալ Արտակ Բուդաղյանը կրկին հրավիրվել է հարցաքննության:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունը սույն դեպքի և քրեական գործի նկատմամբ, ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն այսուհետև պարբերաբար համապատասխան տեղեկատվություն կներկայացնի քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *