Ոչ մարտական պայմաններում ծանր վիրավորված զինվորի մոր նամակն Իլհամ Ալիևին

Այսօր՝ օգոստոսի 22-ին, երեք երեխաների մայր, Սաբիրաբադի շրջանի բնակիչ Ալիևա Հեյրան Ալյադդին գըզըն նամակ է ուղարկել ադրբեջանական կայքերից մեկի խմբագրությանը։Նամակն ուղղված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Ալիևան վկայում է, որ իր որդին՝ 1992-ին ծնված Իհթիյար Ալիև Ռիզվան օղլուն, որը զորակոչվել է 2010-ին Սաբիրաբադի զինկոմիսարիատի կողմից, 2011-ի հուլիսի 14-ին քարի վրա ընկնելով՝ վնասել է ողնաշարը։ Զինծառայողն այժմ անդամալույծ է։ Մայրը խնդրում է 21 հազար մանաթ (26,692 դոլար), որպեսզի բուժման ու դեղորայքի ծախսերը շարունակեն հոգալ, քանի որ իրենք սոցիալապես վատ վիճակում են։

Նշենք, որ ադրբեջանական կայքը, տեղեկությունը հրապարակելով նախընտրական շրջանում, խուսափել է հայտնել՝ Իհթիյար Ալիևն անհայտ հանգամանքներում ողնաշարի ծանր կոտրվածք է ստացել, իսկ զորամասի հրամանատարությունը տուժածի հարազատներին ոչինչ չի հայտնել կատարվածի մասին։

Զինվորի հայրը՝ Ռիզվան Ալիևը, 2011-ի հունիսին նամակով դիմել է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը։ Նա դժգոհել էր, որ որդու մասին իմացել են դեպքից բավական ժամանակ անց, երբ հարևաններն այցելել են Բաքվի կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ Իհթիյարին էին տեղափոխել։ Ընդ որում, զորամասի հրամանատարությունն ու ՊՆ-ն որևէ պաշտոնական վարկած չեն ներկայացրել միջադեպի առնչությամբ. հրամանատարը միայն ասել է հորը՝ «վնասվածքը ստացել է զինվորների վեճի ժամանակ»։

Ռիզվան Ալիևը հունիսին դիմել է Ադրբեջանի նախագահին՝ նյութական օգնություն խնդրելով որդուն թուրքական Գյուլհանե հոսպիտալ տեղափոխելու ու համապատասխան բուժման նպատակով։ Իլհամ Ալիևն արձագանքել է միայն 7 ամիս անց՝ 2011-ի դեկտեմբերին՝ տրամադրելով գումարը։

Պարզվում է՝ գումարը բավարար չի եղել, որպեսզի զինվորը վիրահատությունից հետո կարողանա քայլել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *