Զինդատախազության հայտարարությունը՝ ԶՈւ-ում մահվան ելքով դեպքերի հետ կապված աշխատանքային խմբի վերաբերյալ

2013 թվականի հուլիսի 2-ին ՀՀ զինվորական դատախազությունը հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ, իրականացված քննության արդյունավետությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնության մասին:

Աշխատանքային խմբում ընդգրկվելու համար հայտ են ներկայացրել հինգ կազմակերպություն` «Հայկական լեգեոն» կամավորական հայրենասիրական միությունը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունները և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը:

Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել հասարակական այն կազմակերպություններին, որոնք արձագանքեցին հիշյալ նախաձեռնությանը և իրենց իրավաբան մասնագետների թեկնածությունները ներկայացրին աշխատանքային խմբում ներգրավվելու համար:

Չնայած վերջին տարիներին մամուլով և զանգվածային լրատվական այլ միջոցներով ՀՀ ԶՈՒ արձանագրված մահվան ելքով դեպքերի կապակցությամբ ի հայտ են եկել իրենց մտահոգ համարող բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ցանկացած առիթի դեպքում կարող են անել հրապարակային, շատ դեպքերում անպատասխանատու և որևէ կերպ չհիմնավորված, հայտարարություններ, այնուամենայնիվ, չօգտվեցին իրենց տրված հնարավորությունից` մասնագիտական հարթության մեջ քննարկման առարկա դարձնելու այն բոլոր գործերը, որոնք իրենք, անգամ իրենց հայտարարությունների մեջ, համարել են «կոծկված» կամ «կեղծված»: Միաժամանակ, աշխատանքային խմբում իրենց աշխատանքը իրականում ուղղված կլիներ մահվան ելքով դեպքերի կապակցությամբ իրականացված քննության վերաբերյալ իրենց մտահոգող հիմնախնդիրների լուծումը առավել առարկայական և գործնական դարձնելուն:

02.08.2013թ. ժամը 10-ին ՀՀ զինվորական դատախազությունում կայացավ աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Քննարկման ժամանակ ձևավորվեցին աշխատանքային խմբի գործունեության հիմնական ուղղությունները, աշխատանքային ռեժիմը և կանոնակարգվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր: Ծավալված ակտիվ քննարկումները և խմբի մասնակիցների առաջարկությունները վկայում են, որ աշխատանքային խմբում ներգրավված իրավաբան-մասնագետները նպատակադրված են իրականացնել բեղմնավոր աշխատանք` աջակցելու քննված քրեական գործերով հնարավոր բաղթողումներն ի հայտ բերելու, ի վերջո` արդարադատության արդյունավետության բարձրացմանը:

Աշխատանքային խմբի կողմից ընդունվեց Խմբի աշխատանքների կազմակերպման, որոշումների ընդունման կարգն ու պայմանները և այլ հարցեր, որոնք առավել արդյունավետ կդարձնեն Խմբի գործունեությունը: Ընդ որում, նկատի ունենալով, որ աշխատանքային խմբում քննարկման առարկա կարող են դառնալ միայն այն ավարտված կամ կասեցված գործերը, որոնցով տուժողների իրավահաջորդները ներկայացրել են այդ գործերը վերանայելու դիմում և դիմում ներկայացնելու ժամկետ էր սահմանվել օգոստոսի 26-ը ներառյալ, ուստի աշխատանքային Խումբը իր հաջորդ նիստը կգումարի օգոստոսի 28-ին, փոխանցում են ՀՀ զինվորական դատախազությունից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *