Գազայի տարածքից դեպի Իսրայել հրթիռակոծությունը շարունակվում է

Իսրայելի պաշտպանության ուժերի ամենաթարմ տվյալներով Գազայի հատվածից արձակվել է առնվազն 300 հրթիռ, իսկ հրթիռակոծությունը դեռևս շարունակվում է։ Արձակված հրթիռների մի մասը հասել է նաև Երուսաղեմ։

Չնայած, որ Իսրայելի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցները փորձում են դիմակայել հրթիռային հարվածներին՝ իսրայելական կողմում կան վիրավորներ և ավերածություններ բնակելի հատվածում։

Զուգահեռ՝ իսրայելական կողմը ավիրահարվածներ է հասցնում Գազայի հատվածում։ Բացի այս, Իսրայելի բանակը ուժեղացնում է հարավային ուղղությունը (Գազային սահմանակից), որոշում է կայացվել այդտեղ տեղակայել մի քանի հրետանային մարտկոցներ, ինչպես նաև ծառայության կանչել պահեստազորի 5000 անդամի։

Իրավիճակը լարվել էր նախորդող շաբաթվա ընթացքում՝ Երուսաղեմում տեղի արաբ և հրեա բնակչության միջև բախումներից։ Իսրայելը որոշել էր վտարել Երուսաղեմ Շեյխ Ջառահ թաղամասում բնակվող պաղեստինցի ընտանիքներին։ Հարցը պետք է քննվի Բարձրագույն դատարանում, սակայն դրանից լարվածությունը չի թուլացել։

Լարվածության հաջորդ աստիճանը եղավ մայիսի 10-ը, այդ օրը Իսրայելում նշում են որպես «Երուսաղեմի օր», քանի որ 1967թ․ նույն օրը Երուսաղեմի արևմտյան մասը անցավ Իսրայելի վերահսկողության տակ։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև մայիսի 10-ին ժամը 18։00-ն ուլտիմատում էր ներկայացրել Իսրայելին ոստիկանական ուժերը դուրս բերել Երուսաղեմի Տաճարի լեռան ու Շեյխ Ջառահ թաղամասերից և սպառնացել՝ ժամկետը լրանալուց հետո հրթիռային հարվածներ սկսել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *