Բելառուսում 80 ուժայինի կոչումազրկել են հակաիշխանական ցույցերին աջակցելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով՝ ուժային կառույցների, այդ թվում՝ զինված ուժերի ավելի քան 80 նախկին ծառայող կոչումազրկվել է։ Որպես պատճառ նշվում է երկրում սրված քաղաքական իրավիճակի ժամանակ նրանց վարքը։

Ըստ մեղադրանքի, ինչպես փոխանցում է RBC-ն, նրանք հասարակական և քաղաքական իրավիճակն է՛լ ավելի ապակայունացնելու համար կազմակերպել և մասնակցել են չարտոնված միջոցառումների, ծայրահեղական կոչերով գրառումներ են արել համացանցում, հրապարակել են պետծառայողների, լրագրողների, իրավապահ մարմինների աշխատակիցների անձնական տվյալներ, վիրավորել և սպառնացել նրանց։

Հիշեցնենք, որ Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո երկրում հակաիշխանական խոշոր ցույցեր էին սկսվել, որոնք շարունակվում են ամիսներ։ Դրանց ժամանակ ուժայինների հետ բախումներում եղել են նաև զոհեր։ Ցույցերին միացել են նաև ուժային մարմինների որոշ աշխատակիցներ։ Ըստ երկրի ԿԸՀ-ի՝ գործող նախագահ Լուկաշենկոն հավաքել էր ձայների 80.23%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Տիխանովսկայան ստիպված լքել է Բելառուսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *