Թուրքիան ու Եգիպտոսը բանակցում են հարաբերությունների վերականգնման շուրջ. ТАСС

Թուրք բարձրաստիճան դիվանագետներն այս օրերին Կահիրեում են, որտեղ Եգիպտոսի ղեկավարության հետ քննարկում են երկկողմ հարաբերությունները լիարժեք վերականգնելու հարցը։ Կողմերի միջև հարաբերություններն ավելի լարվել են Թուրքիայի՝ Լիբիա ներխուժելու ֆոնին։ Եգիպտոսը պահանջում է անհապաղ դուրս բերել թուրքական զորքն այդ երկրից։

Բանակցությունների մասին հայտնում է ռուսական պետական ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով եգիպտացի դիվանագիտական աղբյուրին։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները նախնական բնույթ են կրում և վերաբերում են երկու երկրի միջև հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ միջոցներին։ Ավելին՝ քննարկումներն ավելի շատ առնչվում են Կահիրեին անհանգստացնող հարցերին, վերջինս է, որ պետք է որոշի երկկողմ հարաբերությունների ապագան ու պաշտոնատար անձանց շփումների մակարդակը։

Ավելի վաղ երկկողմ բանակցությունների մասին գրել էր արաբական Al Arabiya լրատվական գործակալությունը՝ հղում անելով կրկին իր աղբյուրներին։ Գործակալությունը նշում էր, որ Եգիպտոս է մեկնելու Թուրքիայի ԱԳՆ տեղակալ Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը։

Աղբյուրի տվյալներով՝ Եգիպտոսը Թուրքիայի դեմ մի շարք պահանջներ է դրել, այդ թվում՝ Լիբիայից թուրքական զորքի անհապաղ հեռացումը, ինչպես նաև Եգիպտոսում ահաբեկչական համարվող «Մուսուլման եղբայրներ» խմբավորման նկատմամբ ճնշումները Թուրքիայի տարածքում։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայում վերջին շրջանում նվազեցրել են խմբավորման միջոցառումների թիվը, սակայն Եգիպտոսը պահանջել է ավելին։ Բացի այդ, Կահիրեն պահանջել է արտահանձնել խմբավորման ղեկավար անդամներ Յահյա Մուսային և Ալաա ալ Սամահիին, ովքեր իրականում բարձրաստիճան պաշտոնյաներ էին ու Եգիպտոսում հեռակա կարգով դատապարտվել են մահվան։

Al Arabiya-ում ասում են՝ Թուրքիան նաև հրամայել է «Մուսուլման եղբայրներ»-ին պատկանող հեռուստաալիքներին կտրուկ նվազեցնել Եգիպտոսի դեմ քարոզչությունը։

Ուշագրավ է, որ բանակցությունների ընթացքում Թուրքիան հայցել է աստիճանաբար զիջումների գնալու, այդ թվում Լիբիայից զորքն աստիճանաբար հանելու տարբերակը, սակայն Եգիպտոսում մերժել են՝ պահանջելով իրենց ցանկություններն անհապաղ կատարել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մարտի 3-ին հայտարարել էր, որ Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները վերականգնվել են։ Ապրիլի 15-ին էլ թուրք նախարարը հայտարարեց, որ մայիսի սկզբին թուրքական պատվիրակությունը հրավիրվել է Կահիրե։

Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունները կտրուկ վատացել են 2013թ-ից, երբ Եգիպտոսում զինվորականների միջամտությամբ ձերբակալվեց գործող նախագահ Մուհամեդ Մուրսին, ով «Մուսուլման եղբայրներ»-ի կողմնակից էր։ Դրանից հետո երկրում իշխանության է եկել Աբդել Ֆաթահ ալ Սիսին։ 2013թ․ նոյեմբերի 23-ին, երկկողմ հարաբերություններն այնքան լարվեցին, որ Եգիպտոսը հետ կանչեց Անկարայում իր դեսպանին ու միաժամանակ վտարեց Թուրքիայի դեսպանին։ Նախագահ Սիսին մեղադրեց Թուրքիային երկիրը քայքայող կազմակերպություններին աջակցելու համար՝ նկատի ունենալով Մուրսիի կողմնակիցներ «Մուսուլման եղբայրներ»-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *