Սիրիայում բալիստիկ հրթիռների հարվածից նավթամթերքի գործարաններ են պայթել

Մարտի 5-ի գիշերը Սիրիայի հյուսիսային Ջարաբլուս և Ալ Բաբ շրջանների վրա, որոնք 2016թ-ից Թուրքիայի վերահսկողության տակ են, բալիստիկ հրթիռներով հարվածներ են եղել: Թիրախում եղել են նավթավերամշակման գործարաններ, որտեղ տանկերների այրումից պայթյուններ են եղել: Նախնական տվյալներով 3 քաղաքացիական զոհ և առնվազն 28 վիրավոր կա:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը: Ըստ աղբյուրի` առայժմ անհայտ է, թե ում կողմից են արձակվել բալիստիկ հրթռիներն:

Համացանցում տարածվել են պայթյունների ու դրանցից հետո առաջացած հրդեհների տեսանյութերն այդ վայրերից.

Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ Ալ Բաբի Թարհին շրջանի նավթամթերքի շուկան բալիստիկ հրթիռների հարվածների է ենթարկվել նաև փետրվարի 2-ին: Դրա հետևանքով էլ 2 քաղաքացիական զոհվել էին, 6-ը` վիրավորվել:

Հիշեցնենք, որ Ջարաբլուս և Ալ Բաբ բնակավայրերը Թուրքիայի վերահսկողության տակ էին անցել 2016թ. օգոստոսին թուրքական բանակի և Սիրիայում գործող թուրքամետ «Սիրիական ազատ բանակ» խմբավորման զինյալների իրականացրած «Եփրատի վահան» (Fırat kalkanı) գործողության ընթացքում: Սա Թուրքիայի ԶՈւ առաջին ռազմագործողությունն էր Սիրիայում, որով Թուրքիան ապօրինաբար ներխուժեց Սիրիայի տարածք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *