«Մանաս» տարանցիկ կենտրոնը կփակվի 2014-ի ամռանը

Ղրղզստանի «Մանաս» օդանավակայանում տեղակայված ամերիկյան տարանցիկ կենտրոնը կփակվի 2014 թվականի հուլիսի 11-ին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ղրղզական բաժնի հետ զրույցում հայտնել է Ղրղզստանի փոխարտգործնախարար Էրինես Օթորբաևը։

Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ամերիկյան պատվիրակության հետ, որն այցելել է Բիշքեք՝ քննարկելու տարանցիկ կենտրոնի հետ կապված հարցերը։

Այս կապակցությամբ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել նաև Ղրղզստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, որը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Բիշքեքին համագործակցության համար, որի կարևոր տարրերից մեկն էլ «Մանաս» օդանավակայանում տարանցիկ կենտրոնի տեղակայումն էր։

Ըստ նույն աղբյուրի՝ ամերիկյան կողմը Ղրղզստանին տարեկան 60 մլն ամերիկյան դոլար էր հատկացնում «Մանաս» օդանավակայանի շահագործման համար։ Ամերիկացիները ևս 140 մլն դոլար էին  ծախսում Ղրղզստանում տարբեր ապրանքներ գնելու և ծառայություններ ստանալու համար։ Սպասվում է, որ տարանցիկ կենտրոնի փակումից հետո օդանավակայանի եկամուտները կնվազեն շուրջ 40 տոկոսով։

«Մանաս» օդանավակայանը, որը կառուցվել է 70-ականներին, գտնվում է Ղրղզստանի հյուսիսում՝ Բիշքեքից 23 կմ հեռավորության վրա։ 2001 թվականին այստեղ գործում է տարանցիկ կենտրոնը, որի միջոցով ԱՄՆ-ն և դաշնակիցները կարողանում են փոխադրումներ կատարել Աֆղանստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *