Ջերմային հարվածից 2 բրիտանացի զինվոր է մահացել

Ուելսի Բրեկոն-Բիկոնս ազգային պարկում հուլիսի 14-ին զորավարժության ժամանակ 2 բրիտանացի զինվոր է մահացել։
Ինչպես տեղեկացնում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ՊՆ-ն ջանքեր է գործադրում շրջանային ոստիկանության հետ՝ պարզելու մահվան իրական հանգամանքները, 

Չնայած որ պաշտոնական հայտարարություններ մահվան պատճառի շուրջ չեն արվել, բրիտանական մի շարք լրատվամիջոցներ վկայում են՝ զինվորները մահացել են չափից դուրս շոգ եղանակի հետևանքով ստացած ջերմային հարվածից։ Այս վարկածը փաստարկվում է նրանով, որ հուլիսի 14-ը Մեծ Բրիտանիայի մի շարք շրջանների համար եղել է տարվա ամենաշոգ օրը։

Բրեկոն-Բիկոնս ազգային պարկի տարածքը

Բրեկոն-Բիկոնս ազգային պարկի տարածքը

Նշենք, որ ևս մի զինվոր է հոսպիտալացվել ջերմային հարվածի պատճառով։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։

Այնուհանդերձ, Մեծ Բրիտանիան հրաժարվում է մեկնաբանել, թե ինչ կարգի զորավարժություն էր անցկացվում ազգային պարկում։ Իսկ Sky News լրատվական գործակալությունը գրում է, որ Բրեկոն-Բիկոնս ազգային պարկը հաճախ է օգտագործվում որպես վարժանքների տարածք ոչ միայն ցամաքային զորքերի, այլև ռազմաօդային ուժերի համար, քանի որ մերձակա քաղաքներում տեղակայված են մի շարք զորամասեր ու ռազմաբազաներ։

Հավելենք, որ նույն օրը՝ հուլիսի 14-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ 2012-ին բրիտանացի զինվորներն ու վետերաններն ավելի շատ զոհվել են ոչ մարտական պայմաններում, քան թե մարտի կամ ռազմական գործողության ժամանակ։

Ընդ որում, պաշտոնական տվյալներով 7 զինվոր ինքնասպանություն է գործել, 14-ը՝ ենթադրաբար ինքնասպանություն, սակայն դեռ հանգամանքները ճշտվում են։

Ծառայող վետերանների շարքում 21-ն ինքնասպանություն է գործել ծառայության ընթացքում, 29-ը՝ քաղաքացիական կյանքում։ Այսպիսով, ինքնասպանության 50 դեպքը գերազանցում է 2012-ին Աֆղանստանում թալիբների դեմ պայքարում զոհված 40 զինվորների թվաքանակին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *