Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել

Փետրվարի 22-ին Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը (MİT) Իրաքի հյուսիսային Մեթինա շրջանում գործողություն է իրականացրել, որի ընթացքում սպանվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) 3 անդամ։

Այս մասին հայտնում է Anadolu թուրքական պետական լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ գործողությունը իրականացվել է, քանի որ տեղեկություն է եղել, որ PKK անդամները Մեթինայում գաղտնի ժողով են իրականացնելու։

Ըստ գործակալության՝ հետախուզական ծառայության անանուն աղբյուրների համաձայն՝ PKK֊ի սպանված անդամները ֆինանսական և հետախուզական գործունեություն են իրականացրել։

Հիշեցնենք, որ փետրվարի 10-14-ին էլ Թուրքիայի ԶՈւ-ն էր Իրաքի հյուսիսային Գարա շրջանում ռազմագործողություն իրականացրել, որի հետևանքով թուրքական զորքերի վերահսկողության տակ էին անցել քրդական ապաստարան համարվող քարանձավներ, որտեղ հայտնաբերվել էին նախկինում գերի ընկած 13 թուրք զինծառայողների, ոստիկանների ու քաղաքացիական անձանց մարմիններ։ Նշվում էր, որ գերեվարվածների թվում են եղել նաև Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) աշխատակիցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *