Թուրքիայում զինվորականության դիրքերը շարունակում են թուլանալ. թուրքական լրատվամիջոցներ

Տարվա սկզբին Թուրքիայում օրենսդրական փոփոխությամբ երկրի Անվտանգության գլխավոր տնօրինությանը (իմա` ոստիկանությանը) և Ազգային հետախուզական ծառայությանը թույլատրվեց հանրության համար վտանգավոր իրավիճակներում (օրինակ՝ ահաբեկչության դեպքում) համօգտագործման վերցնել Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը, իսկ հունվարի 28-ին խորհրդարանն ընդունել է իշխող ԱԶ կուսակցության առաջարկած օրենքների փոփոխությունների նախագիծը, որով ԶՈւ ԳՇ պետի որոշ լիազորություններ անցնելու են պաշտպանության նախարարին:

Թուրքական ընդդիմադիր շրջանակներում անհանգստացած են` երկրի զինվորականության դիրքերն այս օրենքներով 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո է՛լ ավելի են թուլանում: Իսկ 2016թ. ԶՈւ ԳՇ պետն ու զորքերի հրամանատարներն անցել էին պաշտպանության նախարարի ենթակայության տակ, արդեն իսկ առավելագույնս թուլանալով:

Եվ քանի որ ԶՈւ֊ն ՊՆ ենթակայության տակ է, ԱԶԿ֊ն առաջարկել է ըստ այդմ «համապատասխանություն մտցնել մյուս օրենքներում»։ Նոր առաջարկած նախագծով փոփոխություններ են մտցվելու մի քանի օրենքներում, որոնց թվում ամենակարևորն են «մոբիլիզացիայի և ռազմական դրության մասին» և «ԶՈւ անձնակազմի» մասին օրենքները․ առաջինում գրեթե բոլոր կետերում «գլխավոր շտաբի պետ» արտահայտությունը փոխարինվելու է «պաշտպանության նախարար» արտահայտությամբ։

Օրինակ՝ երկրից դուրս (դիցուք՝ Սիրիայում կամ Իրաքում) զորք ուղարկելու կամ օտարերկրյա զորքեր Թուրքիայում տեղակայելու համար նախագահը մինչ որոշում կայացնելը նախկինում պետք է խորհրդակցեր ԳՇ պետի հետ, իսկ նոր փոփոխությամբ՝ պաշտպանության նախարարի։

Կամ՝ նախկինում պատերազմական իրավիճակում օրինախախտ գեներալներին և ծովակալներին դատապարտելու թույլտվությունը տալիս էր ԳՇ պետը, այժմ տալու է պաշտպանության նախարարը։

«ԶՈւ անձնակազմի» մասին օրենքի առաջարկվող փոփոխությամբ պաշտպանության նախարարի կողմից են նշանակվելու ենթասպաներն ու սպաները, նույնիսկ կայազորների հրամանատարները։

Օրենքի փոփոխությամբ պաշտպանության նախարարին կթույլատրվի նաև խաղաղ պայմաններում տեղի ունեցող արտակարգ իրավիճակներում կարևոր անձանց կամ ծառայությունների համար տրամադրել ԶՈւ ավիացիոն փոխադրման միջոցները։

Ընդդիմադիր մամուլի բնորոշմամբ` ԳՇ պետին այսուհետ կարելի համարել պարզապես շտաբի պատասխանատու, թեպետ առայժմ գործում է օրենքն, ըստ որի պատերազմի ժամանակ զորքի գլխավոր հրամանատարը ԳՇ պետն է: Ըստ ընդդիմադիրների՝ ակնհայտ է, որ ներկայիս նախարար Հուլուսի Աքարը քայլ առ քայլ դառնում է ԶՈւ֊ում ամենաազդեցիկ մարդը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *