Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info

Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։

Նրանք են․

Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։

• Գևորգյան Գևորգ Կարապետի, (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։

Վարդանյան Սերոբ Վաղիկի (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:

Գասպարյան Շիրակ (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։

Գրիգորյան Արթուր Արմանի (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

Օրդոյան Ռաֆիկ Գևորգի (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

Խուդոյան Ալիկ Մահարի (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

Մստոյան Նորայր (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։

Այդոև Դավիթ Գերակլի (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։

• Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի, գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։

Հովսեփյան Նվեր Մերուժանի (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Թարմացում. Զոհվել է Ջաբրայիլի ուղղությամբ, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։

Կարապետյան Արտյոմ («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։

Կարապետյան Արտյոմ (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։

Հովսեփյան Արմեն Կառլենի (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։

Համբարձումյան Գևորգ (ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։

Բեգլարյան Մխիթար Արվիդի (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։

Ծատրյան Գրիգորի (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։

Սարգսյան Իվան (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:

Աբրահամյան Սանասար (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։

Սահակյան Մելիքսեթ (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։

Մարտիրոսյան Դավիթ (19-ամյա, տանկիստ) և Մարտիրոսյան Սպարտակ (18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։

Մուրադյան Սերգեյ Ռոմայի (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։

Այս ցանկը կազմելիս օգտվել ենք թե՛ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումներից, թե՛ Razm.info-ի ընթերցողների տրամադրած տեղեկություններից։

Շարունակելի․․․

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *