Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմում կրած կորուստների թիվ է հրապարակել. կարծում ենք՝ իրականն ավելին է

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող։ Անհետ կորած է համարվում շուրջ 100 զինծառայող, իսկ ներկայումս բուժում ստացողների թիվը 1245 է։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ հետագայում սպանվածների մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեն։

Կարծում ենք, որ ադրբեջանական կողմի կորուստների իրական թիվն ավելին է, քան պաշտոնապես է ներկայացվում, որովհետև նախ՝ Ադրբեջանի ՊՆ հայտնած տվյալները վերաբերում են միայն բանակի կորուստներին, իսկ բաց աղբյուրներից հայտնի է, որ ռազմական գործողություններին մասնակցել և զգալի կորուստներ են կրել նաև Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ), Ներքին զորքերը։ Բացի այդ՝ Ադրբեջանը վաղուց վարում է իր կորուստները թաքցնելու քաղաքականություն: Թաքցրած կորուստներ հայտնաբերվում են նույնիսկ տարիներ անց, և այս լայնամասշտաբ պատերազմում ևս դրանք մեծ թիվ են կազմելու:

Այսօր ավելի վաղ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնել է, որ իրենց նախնական հաշվարկով սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է Ադրբեջանի ՊՆ, ինչպես նաև հարակից ուժային կառույցների (ՊՍԾ, Ներքին զորքեր ևն) առնվազն 2560 զինծառայող։ Ըստ «Խազար»-ի՝ ադրբեջանական կողմի վիրավորների թիվը 4678 է, անհետ կորածներինը՝ շուրջ 70։ Կենտրոնը հայտնում է, որ այս տվյալները դեռևս վերջնական չեն։

Հավելենք, որ մինչ օրս Ռազմինֆոյին բաց աղբյուրների ուսումնասիրումից հայտնի է դարձել Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի ԶՈւ և հարակից ուժային կառույցների 1900 կորստի անուն։ Այդ անվանացանկը դեռ լրացվում և ավելացվում է նույն տեմպով, ինչ պատերազմի ընթացքում էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *