Թուրքիայի ԶՈւ հետ սկսվել են լիբիական կանոնավոր բանակի ձևավորման աշխատանքները. Լիբիայի ՊՆ

Լիբիայի ժամանակավոր «Ազգային համաձայնության կառավարության» (ԱՀԿ-GNA) պաշտպանության նախարար Սալահադդին ան-Նեմրուշը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի հետ միասին սկսել են լիբիական կանոնավոր բանակի ձևավորման, հակաօդային պաշտպանության, ռազմածովային ուժերի, հակաահաբեկչական և հատուկ նշանակության ջոկատների զարգացման ուղղությամբ աշխատանքները:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Լիբիայի պաշտպանության նախարարը նշել է, որ առաջին ուսումնական կենտրոնը նախատեսվում է բացել մայրաքաղաք Տրիպոլիի արևմուտքում և շեշտել, որ առաջնահերթությունը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան բանակի ստեղծումը:

Ներկայումս «Ազգային համաձայնության կառավարությանը» ենթակա Տրիպոլիի ռազմական քոլեջի 192 կուրսանտ ուսում է ստանում Թուրքիայում։

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 17-ին Տրիպոլիում Թուրքիայի, Կատարի և Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարության» պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև ձեռք էր բերվել Լիբիայում կանոնավոր բանակի ձևավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածություն։ Այդ նպատակով նախատեսվում էր Լիբիայում ստեղծել ռազմակրթական հաստատություններ, ինչպես նաև բանակի ձևավորման համար զինվորական հրահանգիչներ ուղարկել։

Հարկ է նշել, որ ներկայումս լիբիական բանակը տարբեր զինյալների, ցեղային զինվորների և կլանների անդամների ոչ պաշտոնական խմբավորում է:


2011 թ-ին Լիբիայում սկսվել է քաղաքացիական պատերազմ, գահընկեց է արվել երկրի ղեկավար Մուամմար Քադաֆին, ով ղեկավարում էր ավելի քան 40 տարի։ Լիբիայում քաղաքական ճգնաժամը շարունակվում է մինչ օրս: 

Այս պահին երկրում գործում է երկու կառավարություն: Երկրի արևելքում Տոբրուք քաղաք-կենտրոնով գործող ուժը Աքիլյա Սալեհ Իսայի գլխավորությամբ ընտրվել է 2014-ին և հենվում է երկրի կառավարական բանակի վրա: Լիբիայի ազգային բանակը (Libyan national army) ղեկավարում է Խալիֆա Հաֆթարը, որի գլխավորությամբ էլ մյուս՝ «Ազգային համաձայնության կառավարության» դեմ 2019 թ․ մայիսից վերսկսվել է պայքարը, ինչը համարվում է Լիբիայի երկրորդ քաղաքացիական պատերազմը։

«Ազգային համաձայնության կառավարությունը» Տրիպոլի քաղաք-կենտրոնով, ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ 2015 թվականից իշխում է արևմուտքում՝ Ֆաիզ ալ Սարաջի ղեկավարությամբ: Բացի այս, երկրում գործում են նաև այլ ընդդիմադիր ուժեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *