ՀՀ-ն կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրով և Վիեննայի փաստաթղթով Թուրքիայի տեսչական այցերը Հայաստան

Հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել է հայտագիր՝ ի գիտություն ԵԱՀԿ մասնակից պետություններին և ԵՍԶՈՒ պայմանագրի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի) անդամ երկրներին, տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը այսուհետ կասեցնում է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին։

Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։ Նշվում է, որ այս որոշումը կայացվել է ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի սկզբունքների հիման վրա և բխում է Հայաստանի անվտանգային շահերից ու մտահոգություններից։ Հատկապես հաշվի են առնվել հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի աննախադեպ սպառնալիքները և Ադրբեջանին սատարող գործողությունները, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ։

ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀՀ տարածքում Թուրքիայի կողմից ցանկացած տեսչական այցի իրականացումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի անվտանգային շահերի վրա և կարող է վնասել Հայաստանի բնակչության անվտանգությունը։ Միևնույն ժամանակ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԵՍԶՈւ պայմանագրին և Վիեննայի փաստաթղթին։

Նշենք, որ «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագիրը» ստորագրվել է 1990 թ․ նոյեմբերի 19-ին, երբ դեռ կային Խորհրդային Միությունն ու Վարշավյան պակտը։ ԽՍՀՄ փլուզումից հետո փորձեր արվեցին համապատասխանեցնել պայմանագիրը ստեղծված նոր իրավիճակին։ Մասնավորապես, 1992 թ․ մայիսին Տաշքենդում ստորագրվեց «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի կատարման սկզբունքների մասին» համաձայնագիրը (Տաշքենդյան համաձայնագիր), որով նորանկախ պետությունները բաշխում էին ԵՍԶՈՒ պայմանագրով ԽՍՀՄ ստանձնած պարտավորությունները։ Համաձայնագիրը ստորագրել են Ադրբեջանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան, սակայն Ադրբեջանը և Վրաստանը չեն վավերացրել այն, ինչի պատճառով այն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ համաձայնագրի 12-րդ հոդվածի համաձայն այն ուժի մեջ է մտնում բոլոր մասնակիցների կողմից վավերագրերը ներկայացնելուց 10 օր անց։ Ուշագրավ է, որ չնայած Տաշքենդյան համաձայնագրի ուժի մեջ չմտնելուն, մասնակից երկրները փաստացի հիմնականում կատարում են այդ պայմանագրով իրենց ստանձնած պարտավորությունները։

1992 թվականի հուլիսի 10-ին ընդունվել է Եվրոպայում սովորական զինված ուժերի անձնակազմի թվաքանակի մասին վերջնական ակտը։ 1999 թվականի նոյեմբերի 16-ին Ստամբուլում ստորագրվել է Վիեննայի փաստաթուղթը, որը պարտադիր է բոլոր մասնակիցների համար և վավերականացում չի պահանջում։

Տաշքենդյան համաձայնագրով Հայաստանն իրավունք չունի 220 տանկից, 220 մարտական զրահամեքենայից, 100 մարտական ինքնաթիռից, 50 հարվածային ուղղաթիռից և 270 միավոր հրետանուց ավելի ունենալ, մինչդեռ Թուրքիան, օրինակ, Հայաստանի հետ սահմանին կենտրոնացրել է 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի զորամիավորումները, որոնց տանկերի քանակը մոտ 350-370 է, հրետանին՝ մոտ 700 միավոր, այսինքն՝ ի սկզբանե ավելի շատ, քան իրավունք ունի ունենալ Հայաստանը։ Սա, բնականաբար, չի բխում Հայաստանի անվտանգային շահերից։

Չնայած այս ամենին՝ Հայաստանը կատարում է ԵՍԶՈՒ պայմանագրի, այդ թվում` Տաշքենդյան համաձայնագրի, և 1999 թ․ Վիեննայի փաստաթղթի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները, թույլատրում է տեսչական այցերը, այդ թվում՝ Թուրքիայից, և տեղեկատվություն է փոխանակում մասնակից մյուս երկրների հետ։

Այս պայմաններում կարծում ենք, որ ՀՀ ԱԳՆ վերոհիշյալ հայտագիրը՝ ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության տեսչությունները կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցությունը ՀՀ տարածքում անցկացվելիք տեսչական այցերին կասեցնելը, օրինաչափ և պատեհ որոշում է։

Հավելենք, որ ԵՍԶՈւ պայմանագիրը, կնքված լինելով ՆԱՏՕ-ի և Վարշավյան պակտի միջև գլոբալ պատերազմը կանխելու նպատակով, չի համապատասխանում արդի մարտահրավերներին և այլևս կենսունակ չէ, քանի որ չունի վերահսկողության իրական մեխանիզմներ։ Իսկ աշխարհի տարբեր տարածաշրջաններում առկա լոկալ պատերազմների սպառնալիքների կանխարգելման համար անհրաժեշտ է բոլորովին նոր պայմանագիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *