Ադրբեջանի ՊՆ-ից սպառնում են հարվածել Մեծամորի ատոմակայանին

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Վագիֆ Դարգյահլըն այսօր հայտարարել է, թե հայկական կողմը չի կարող հարվածել Մինգեչավուրի ջրամբարին, քանի որ դրա տեղակայման ռելիեֆը, այդտեղ իրականացվող ամրապնդման աշխատանքներն ու Ադրբեջանի ՀՕՊ միջոցները դա թույլ չեն տա։ Միաժամանակ Դարգյահլըն սպառնալիք է հնչեցրել, թե Ադրբեջանը կարող է ի պատասխան հարվածել Մեծամորի ատոմակայանին։

Դարգյահլըն այս հայտարարություններն արել է իբրև ի պատասխան Հայաստանից հնչած այն պնդումներին, որ հայկական կողմը հարվածելու է Մինգեչավուրի ջրամբարին, սակայն ուշագրավ է այն փաստը, որ հայկական կողմից Մինգեչավուրի վրա հարվածի որևէ պաշտոնական կամ առաջնային աղբյուր հայտարարություն չի տարածել։ Ըստ էության՝ անհայտ է, թե ում պնդումներին է պատասխանում ու սպառնալիքներ հնչեցնում Ադրբեջանի ՊՆ խոսնակը։

Մինգեչավուրի մասին հիշատակում հայկական մեդիայում եղել է միայն հուլիսի 2-ին՝ մինչ հուլիսի 12-ին սկսված մարտական գործողությունները, այն էլ՝ ՀՀ նախկին պաշտպանության նախարար, այժմ շարքային քաղաքացի հանդիսացող Վաղարշակ Հարությունյանի կողմից։

Նշենք նաև, որ Դարգյահլըն իր խոսքում հիշատակում էր «նոր հրթիռային միջոցներ» արտահայտությունը: Որպես պարզաբանում նշենք, որ խոսքը ամենայն հավանականությամբ իսրայելից ձեռքբերված LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների մասին է: Նման տարածություններում հարվածների ունակ միջոցներից Ադրբեջանի սպառազինությունում առկա են նաև թուրքական SOM թևավոր հրթիռներ, իսկ Նախիջևանից նաև բելոռուսական «Պոլոնեզ» և թուրքական «Քասրղա» ՀԿՌՀ-ի կառավարվող TRG-300 հրթիռով տարբերակը:

Ավելացնենք նաև, որ մեր դիտարկումների ընթացքում «Պոլոնեզներ» ֆիքսվել են բացառապես «մայրցամաքային Ադրբեջանի» տարածքում. դրանք LORA-ների հետ միասին տեղակայված է խորը թիկունքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *