Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հուլիսի 12-ից սկսած մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈւ-ն ունեցել է շուրջ 20 վիրավոր, որոնցից ներկա պահին բուժում են ստանում 10 զինծառայող։ 10 զինծառայողից 4-ի վիճակը թեթև է, 5-ի վիճակը՝ միջինից ծանր, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր։
Այս մասին հայտնել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նաև նշել է, որ մարտական գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈւ-ն խոցել է հակառակորդի շուրջ 10 միավոր տարբեր նշանակությունների ԱԹՍ, զրահատեխնիկա։ Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հրապարակել էր կադրեր, որտեղ երևում էր հակառակորդի զրահատեխնիկայի խոցումը:
Լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ին դիմելու կարիք ունենք, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ հայկական զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են և ՀԱՊԿ-ին դիմելու կարիք չունենք։
Ճեպազրույցի ընթացքում Հովհաննիսյանը նշեց նաև, որ սահմանամերձ բնակավայրերից խաղաղ բնակչության տարհանում չի եղել։