Ռուսաստանը հնարավոր է հնդկական նավաշինարան գնի

Ռուսական Միացյալ նավաշինական ընկերությունը (ՄՆԸ) հնարավոր է գնի հնդկական մասնավոր Reliance Naval and Engineering (RNEL) նավաշինական ընկերությունը։ Ընկերությունները նախկինում տարբեր պատվերների շրջանակներում համագործակցել են իրար հետ։

Այս մասին հայտնել է հնդկական the Hindu business line կայքը։

Մեծ պարքեր կուտակած ու սննկացած հնդկական ընկերությունը վաճառքի էր դրվել մայիսի վերջին այն բանից հետո, երբ ընդհանուր 1․6 մլրդ դոլար պարտքի (2019թ․ դրությամբ) պայմանում 2020 թվականի հունվարին Հնդկական բանկը մի շարք ներդրողների հետ միասին դատի էին տվել RNEL-ին՝ ներկայացնելով 154 մլն դոլարի հայց։ Դատական պրոցեսներից հետո ընկերությունը սնանկ էր ճանաչվել։

Վաճառքը նախատեսված էր կատարել հունիսի 27-ին, բայց պոտենցիալ գնորդների սակավության պատճառով այն հետաձգվել է մինչև հուլիսի 27-ը։ Սակայն ինչպես չկայացած, այդպես էլ սպասվող աճուրդի մասնակիցները 5-ն են, որոնցից նավաշինական ոլորտի հիմնական հավակնորդը ռուսական ՄՆԸ-ն է։

RNEL-ը 2000 ականների սկզբից մինչև 2015 թվականը ռուսական նավաշինական ընկերությունների հետ ստացել է մի քանի պատվերներ, իսկ 2017 թվականին ստորագրել է ԱՄՆ 7-րդ նավատորմի նավերը վերանորոգելու և սպասարկելու պայմանագիր։

Հնդկական RNEL-ը ունի բավականին մեծ նավանորոգարան՝ 662 մետր երկարությամբ ու 65 մետր լայնությամբ, հագեցած է 1200 տոննա բեռնամբարձումության 2 ամբարձիչներով և հնարավորություն ունի սպասարկելու գրեթե բոլոր չափերի նավերի։

«Կոմերսանտ» թերթի աղբյուրների հավաստմամբ Միացյալ նավաշինական ընկերությունը հաստատել է իր մասնակցությունը աճուրդին։

Հետաքրքիր է BMPD մասնագիտացած բլոգի մեկնաբանությունը, ըստ որի տվյալ հնարավոր գործարքը բավականին կասկածելի է, քանի որ հնդկական նավաշինարանը խնդրահարույց է, իսկ ՄՆԸ-ն ինքը մեծամասամբ «գոյատևում է» պետական սուբսիդավորման շնորհիվ։

Մյուս կողմից, հնարավոր է, որ այս գործարքով ռուսական ընկերությունը փորձում է հնդկական բավականին մեծ նավաշինական շուկայում ամրապնդվել։ Բայց այստեղ էլ խնդիր է առաջանում, քանի որ Հնդկաստանում ռազմական նավերի պատվերները ընդունված է տալ պետական նավաշինական ընկերություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *