Մարտունա՞կ են արդյոք Ադրբեջանի ԶՈւ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրները

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտները։ Այս անգամ կանդրադառնանք «Տոչկա-Ու» օպերատիվ մարտավարական համալիրների տեղակայման վայրի և դրանց վիճակի մասին հարցերին:

Բաց աղբյուրներից հայտնի տեղեկություններով Ադրբեջանը «Տոչկա-Ու» համալիրի 3 մարտական մեքենա գնել է 2008 թվականին՝ Ուկրաինայից:

Ձեռքբերումից հետո «Տոչկա-Ու»-ի արձակման երեքական մեքենա ցուցադրվել է Բաքվում 2011 և 2013 թվականների զորահանդեսներին: Մեզ չի հաջողվել գտնել Ադրբեջանում «Տոչկա-Ու» ցուցադրող ավելի թարմ որևէ տեսանյութ, լինի դա Ադրբեջանի ՊՆ-ի ու հեռուստաալիքների պաշտոնական նյութերում, թե սիրողական նկարահանումներում: Դրանք չեն մասնակցել նաև 2018-ի զորահանդեսին: Այդ զինատեսակի մասին չի հիշատակվել նաև զորավարժությունների ժամանակ:

Ադրբեջանի ԶՈւ «Տոչկա-Ու» հրթիռային համալիրի արձակման մեքենան 2013թ. զորահանդեսին

Տեխնիկայի չհանրայնացման նման քաղաքականությունը կարող էր բացատրվել գաղտնիության ու անվտանգության ռեժիմով, սակայն այդ տրամաբանության մեջ չէին մտնում նման կարգի այլ զինատեսակների ցուցադրությունները, օրինակ՝ LORA հրթիռի: Կամ եթե կա միայն զորահանդեսներին ցուցադրելու քաղաքականություն, ապա անհասկանալի է, թե ինչու չեն ցուցադրվել 2018-ի զորահանդեսին:

Համալիրների ֆունկցիոնալ վիճակի մասին կարող է խոսել տեղակայման վայրը: Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք տեղակայված են Բաքվի հարավ-արևելքում գտնվող Ղարադաղի շրջանի զորամասերից մեկում: Տարբեր տարիների արբանյակային լուսանկարներում զորամասի տարածքում երևում են տանկեր, բեռնատարներ, քարշակվող հրետանի ևն, իսկ հարևանությամբ կա տեխնիկայի գերեզմանոց:

Տեխնիկայի նման բազմազանությունը հիմք է տալիս ենթադրելու, որ սա վերանորոգման կամ սպառազինությունից հանված տեխնիկայի պահման կենտրոններից մեկն է:

Ղարադաղիի բազան

«Տոչկա-Ու» հրթիռային համալիրի արձակման կամ լիցքավորման 3 միավոր մեքենա բազայի տարածքում նկատվում է առնվազն 2015-ից սկսած, ընդ որում՝ նույն վայրում, նույն կերպ կայանված: Դրանք շարունակում են այնտեղ մնալ նաև 2019-ի ամռան դրությամբ*:

Այս ամենն իր հերթին հիմք է տալիս ենթադրելու, որ «Տոչկաները» մարտունակ չեն, իսկ հնարավոր է նաև, որ հանվել են սպառազինությունից: Հասկանալի է նաև, որ այս պահին անհայտ է, թե ինչ պլաններ կարող է ունենալ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը «Տոչկա-Ու» համակարգերը շարք վերադարձնելու վերաբերյալ։


* Այդ վայրից մեզ հասանելի ամենաթարմ որակյալ արբանկայակին լուսանկարը արված է 2019-ի ամռանը:


Այս թեմային, ինչպես նաև Ադրբեջանի հրետանու կառուցվածքի, տեղակայման վայրերի, միջոցների մասին մանրամասն անդրադարձել ենք «Ռազմաքաղաքական հանդեսի» տպագրվելիք երկրորդ համարում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *