Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի բանակում

Օգոստոսի 14-ի երեկոյան Ադրբեջանի Հաջըգաբուլի շրջանի Գըզըլբուրուն գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուի (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) ընտանիքին հայտնել են, թե վերջինս նույն օրը առավոտյան զորամասում ինքնասպան է եղել։

Այս մասին գրում է ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով Միքայիլի եղբորը՝ Մուշվիգ Գաչաևին։

Օգոստոսի 14-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուն (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) (ձախից)
Օգոստոսի 14-ին մահացած ադրբեջանցի զինծառայող Գաչաև Միքայիլ Ֆեյրուզ օղլուն (Qaçayev Mikayıl Feyruz oğlu) (ձախից)

«Թուրան»–ին զինծառայողի եղբայրը հայտնել է, որ ընտանիքը չի հավատում ինքնասպանության մասին լուրին, քանի որ դեռ հուլիսին Գաչաևն արձակուրդում է եղել և հոգեբանական նորմալ վիճակում.

«Մենք ուզում ենք պարզել ու հասկանալ՝ արդյո՞ք ինքնասպանություն եղել է։ Ինչո՞ւ պետք է 8 ամսվա ծառայող զինվորը ինքնասպան լիներ։ Նա հուլիսին արձակուրդում էր, հետո վերադարձել է ծառայության։ Նա հոգեբանական խնդիրներ չուներ, թեպետ մեզ հավաստիացնում են, որ մայիսին նա իր ծառայակցի հետ վիճել է ու զինդատախազությունն այդ փաստով քննություն է սկսել»,– ասել է Մուշվիգ Գաչաևը։

Զինծառայողի եղբայրը նշում է նաև, որ Միքայիլին հուղարկավորել են առանց ընտանիքի իմացության։

Ադրբեջանական մեկ այլ ընդդիմադիր «Ազատություն» թերթը գրում է, որ Գաչաևը ծառայում էր Բաքվի մոտակայքում տեղակայված զորամասերից մեկում։ Գյուղի բնակիչներն ասել են, թե որոշ ժամանակ առաջ ինքնասպան է եղել նաև Միքայիլի մյուս եղբայրը, դրա համար էլ զինվորականները որոշել են այդ պատճառը հայտնել ընտանիքին ու ասել, թե նա հոգեբանական խնդիրներ ուներ. «Եթե հոգեբանական խնդիրներ է ունեցել, էլ ինչո՞ւ են տարել ծառայության»,–ասել են գյուղի բնակիչները։

Սոցիալական ցանցերում գրառումներ կան նաև այն մասին, որ Գաչաևին սպանել է իր ծառայակիցը։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 27 կորստի մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *