Թուրքիայում ավարտվել է «Փոքրասիական արծիվ-2013/2» միջազգային ուսումնական զորավարժությունը, որն անց է կացվել հունիսի 10-ից 21-ը։
Այս անգամ զորավարժությանը մասնակցում էին Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և ՆԱՏՕ-ի ստորաբաժանումները։
Այն անց է կացվել Քոնիայի կործանիչների երրորդ ավիաբազայում։
Զորավարժությանը ներգրավված է հրավիրված երկրների 525 և Թուրքիայի 540 զինծառայող։
Զորավարժությանը Թուրքիայից մասնակցել է 35 միավոր F-4E2020/F-16 կործանիչներ, 1 միավոր KC-135 լիցքավորող ինքնաթիռ, 1 միավոր CN-235 և 1 միավոր C-130 ուղևորափոխադրող ռազմական ինքնաթիռներ։
ԱՄԷ-ի օդուժը ներկայացել է 6 միավոր F-16 կործանիչներով, Սաուդյան Արաբիան՝ 8 միավոր F-15C կործանիչներով, ՆԱՏՕ-ն՝ 2 միավոր E-3A AWAC ինքնաթիռներ։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը ներկայացրել է նաև «Փոքրասիական արծիվ-2013/2» զորավարժության լուսանկարները։