Ռուսական զորքերը շուտով շահագործելու են Կիպրոսի ավիաբազան

Օրերս հայտնի է դարձել, որ ՌԴ զինված ուժերի շահագործմանը կհանձնվի Միջերկրական ծովում նոր ավիաբազա։

Կիպրոսն ու Ռուսաստանը պատրաստվում են պայմանագիր կնքել՝ Պաֆոսի «Անդրեաս Պապանդրեու» ռազմաբազան ռուսական զորքերի կողմից առաջիկայում օգտագործվելու նպատակով։

Երկու երկրները նախնական համաձայնության են եկել այս հարցի շուրջ դեռևս հունիսի 21-ին Սանկտ-Պետերբուրգում Կիպրոսի ու ՌԴ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Քննարկման հիմնական թեման ռուսական կողմի աջակցությունն էր Կիպրոսի հարցի կարգավորման գործընթացին։

ՌԴ արտգործնախարարը ողջունել էր Ֆամագուստա քաղաքի վերադարձման նախաձեռնությունը։ Կիպրոսի պաշտոնակից Իոաննիս Կասուլիդիսն էլ կոչ էր արել Ռուսաստանին մասնակցել իրենց կղզում բացառիկ հանքարդյունաբերական-տնտեսական գոտու ստեղծմանը և Վասիլոկոսում գազի տերմինալի կառուցմանը։

Ներկայումս Ռուսաստանն արդեն ունի իրավասություն՝ Լիմասոլի նավահանգստում սեփական ռազմական նավերը լիցքավորելու։ Կողմերն ապագայում քննարկելու են նաև նոր ռազմաօդային բազայի շահագործման հնարավորությունները։
Վերջնական համաձայնագիրը պետք է որ ստորագրվի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, որի ժամկետը դեռևս անհայտ է։ Մինչ այդ ստորագրվելու են թվով 3 երկկողմ համաձայնագրեր։

Նշենք, որ 2008-ին ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում էին Կիպրոսի՝ ՌԴ-ից ընդհանուր առմամբ 200 մլն եվրո արժողությամբ ՀՕՊ համակարգերի գնման հնարավորության մասին, 2009-ից լուրեր էին պտտվում, որ Կիպրոսի հունական կողմը մտադիր է զրահամեքենաներ ու Տ-80Ու տանկեր գնել Ռուսաստանից, ապա հայտնի էր դարձել, որ Կիպրոսի ՊՆ կոմիտեն որոշակի գումար է հատկացրել ՌԴ-ից 41 միավոր Տ-90 տանկեր գնելու նպատակով։ 2010-ի փետրվարին «Ջեյնս» պարբերականը հաղորդել էր Կիպրոսի ու Ռուսաստանի՝ մոտ 115 մլն եվրո արժողությամբ պայմանագրի մասին՝ համաձայն որի Կիպրոսին մինչև 2011-ի կեսերը տրամադրվելու են շուրջ 41 միավոր Տ-80 տանկեր՝ ֆրանսիական հին, 52 միավոր AMX-30 տանկերը փոխարինելու։

Հավելենք, որ ՌԴ-ի ու Կիպրոսի համագործակցության խորացումն առաջին հերթին Թուրքիայի դեմ է, որն օկուպացրել է կղզու հյուսիսային հատվածը։ Դեռևս 2012-ի հոկտեմբերին Թուրքիան կոչ էր արել բոլոր նավթային ընկերություններին զերծ մնալ Կիպրոսում ներդրումներ կատարելուց, մինչդեռ ռուսական «Նովատեկ» ընկերությունն ու «Գազպրոմբանկը» անտեսել էին թուրքական կողմի զգուշացումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *