Ռազմինֆոն զորակոչի մեկնարկի հետ ներկայացնում է իր նոր հեղինակային շարքը՝ հարցազրույցներ զորակոչիկների հետ։ Այսօրվա մեր զրուցակիցն է երևանցի Սիփան Ազիզյանը։
Նա սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնում։
-Ինչպե՞ս է տրամադրությունը։
Նորմալ, ինչպես միշտ: (ժպտում է)
-Ընտանիքում մթնոլորտը ինչպիսի՞ն է։
Մի քիչ տխուր են, որ երկար ժամանակով հեռանում եմ տնից, բայց գիտեն ու հուսով են, որ լավ եմ ծառայելու ու հետ գալու:
” Բանակային 2 տարին ինչպե՞ս եք պատկերացնում։
Գիտեմ, որ ֆիզիկապես ավելի կոփվելու եմ: Ու ամենակարևորը՝ ցանկանում եմ, որ բոլոր զինվոր ընկերներս հասկանան, թե իրականում ինչի համար են այդտեղ գտնվում: Մենք բոլորս ունենք մի ընդհանուր թշնամի, և պետք է հասկանանք դա` սիրենք ու հարգենք միմյանց, լինենք ընտանիքի նման: Հասկանում եմ՝ նույնիսկ ընտանիքում են վեճեր լինում, սակայն, կարևորը մեկ ընտանիք լինելու փաստն է: Մնացածը լուծվող դժվարություններ են:
-Պատկերացնելուց զատ, ինչպե՞ս եք պատրաստվում ծառայությանը։
Վերջերս մասնակցել եմ «Ռազմաքաղաքական ուսումնասիրություններ» կոչվող դասընթացին, մոտ 4 ամիս, որը կարելի է ասել՝ իմ հիմնական պատրաստությունն էր բանակ գնալուց առաջ: Շատ բաներ եմ սովորել, որոնք միանշանակ պետք կգան ծառայության ընթացքում:
-Կրակել գիտե՞ք, ստացվո՞ւմ է։
Վերջերս նույն դասընթացի շրջանակներում մի քանի անգամ գնացել եմ հրաձագարան: Չեմ կարող ասել, որ լավ եմ կրակում, բայց ամեն անգամ բարելավում եմ արդյունքներս։
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ծառայությունից։
Կարծում եմ, որ բանակում ծառայած տղամարդն ավելի է արժանի տղամարդ անվանը, քան մյուսները։ Ձեռք կբերեմ տարբեր հմտություններ, որոնք կյանքում կարող եմ օգտագործել։ Ծառայությունից հետո ավելի հեշտ կլինի դիմադրել կյանքում ստեղծված դժվարություններին:Ինչպես ասում են, դժվարը դիմացի 2 տարին է:
-Ինչի՞ց եք վախենում բանակում։
Ոչնչից:
-Եթե հնարավորություն ունենայիք չծառայել, կօգտվեի՞ք։
Եթե լիներ օրինական, և օրենքով սահմանված կարգով՝ այո: Իսկ եթե պետք է ինձ էլ «հարթաթաթ» հիվանդությունը գրեին ինչ-որ կլորիկ գումարի դիմաց, ու այդպես չգնայի, միանշանակ՝ ոչ:
-Որտե՞ղ կուզենաք ծառայել։
Մարտունու շրջանում: Իսկ թե որ Մարտունու`Արցախ, թե՞ Գեղարքունիք, թող գաղտնիք մնա (ժպտում է)։
-Ի՞նչ կուզենայիք փոխվեր բանակային համակարգում։
Կցանկանայի, որ դասընթացների շրջանակներում, լավ մակարդակով հայոց պատմություն դասավանդվեր, ավելի շատ հանդիպումներ անկացվեին ազատամարտիկների հետ, հայրենասիրությունը բարձրացնող բաներ են դրանք: Այդ միջոցով բարոյահոգեբանական մակարդակը կբարձրանար բոլոր զորամասերում:
-Ի՞նչը կամ ո՞ւմ կկարոտեք։
Բոլոր հարզատներիս, բայց, առաջին հերթին ծնողներիս, քրոջս ու ընկերներիս: Կկարոտեմ կյանքիս մաս դարձած ֆուտբոլ կոչվածը`բոլոր կողմերով, ընկերոջս հետ շախմատային հանդիպումները, կիթառս…լիքը-լիքը բաներ:
-Եթե մի բան թողնեին Ձեզ հետ բանակ տանել, ապա ի՞նչը…
Կարծում եմ, կանխամտածված էր այս հարցը : Իհարկե, կիթառս (ժպտում է)
-Ըստ Ձեզ ո՞րն է Հայկական բանակի առավելությունը։
Նայած ում նկատմամբ ու որտեղ: Այս պայմաններում, հիմնական առավելությունը կարող է լինել միասնականությունն ու գիտակցումը: Մեր հերոս Մոնթեն, մի առթիվ ասել է` «Թե ուզում եք ինձ հարգել՝ իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»։
-Զինվորի առաքելությունը ո՞րն է։
Զինվորը երկրի անվտանգության հիմնական գրավականն է: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է:
-Սիրած զբաղմունք ունե՞ք։
Բանաստեղծություններ եմ գրում հաճախ: Ազատ ժամերին կարող եմ շարունակ նվագել կիթառս, ընկերներիս հետ PES խաղալ:
”Ձեզ պայմանագրային զինվոր պատկերացնո՞ւմ եք։
Ո՛չ: Ես ունեմ ընտրած մասնագիտություն, և ցանկանում եմ շարունակել այդ ուղղությամբ։
-Սպորտով զբաղվել կամ զբաղվո՞ւմ եք։
Ֆուտբոլ եմ պարապել, որոշ ժամանակ էլ լող, բայց սիրողական մակարդակով: Ինձ սպորտային մարդ եմ համարում:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ բանակից հետո՝ 2 տարի անց։
Գրեթե նույն մարդն եմ պատկերացնում, ում միանշանակ ավելի շատ դրական գծեր ավելացած կլինեն ծառայության ընթացքում:
-Ի՞նչ եք անելու ծառայությունից հետո։
Շարունակելու եմ ուսումս, ցանկանում եմ նաև կիթառ պարապել՝ պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու, ինչպես նաև ստեղծագործելու համար:
-Ինչպիսի՞ն է վերաբերմունքը աղջիկների ծառայությանը։
Շատ լավ, ես կասեի՝ կողմ եմ: Ինչքան քանակը մեծ լինի բանակի, այնքան որակն էլ կլավանա: Բանակը այն դեպքերից է, երբ քանակը որակ է ապահովում:
Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի