Ռուսաստանն Իրանին առաջարկում է Անտեյ-2500 Ս-300-ների փոխարեն

ՌԴ իշխանությունները պատրաստ են Իրանին տրամադրել զենիթահրթիռային «Անտեյ-2500» համակարգեր՝ լուծելու Ս-300-ների գործարքի ձախողման խնդիրը։ Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ դեռևս 2007-ին ՌԴ-ն 800 մլն դոլարի պայմանագիր էր կնքել Իրանի հետ՝ 5 դիվիզիոն Ս-300 համակարգեր տրամադրելու վերաբերյալ։

Սակայն 3 տարի անց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելք էր սահմանել Թեհրանի դեմ, որոնց թվում ժամանակակից սպառազինության տրամադրման բացառումն էր։ 2010-ին ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր էր ստորագրել՝ արգելելով Իրանին վաճառել Ս-300, զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռ, ուղղաթիռ, ռազմանավ։ Ի պատասխան՝ Իրանի իշխանությունները «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ 4 մլրդ դոլարի հայց էին ներկայացրել Ժնևի միջազգային դատարան միջնորդական։

Զենիթահրթիռային Ս-300 համակարգեր

Զենիթահրթիռային Ս-300 համակարգեր

Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Իրանը չի ընդունել Ռուսաստանի՝ Ս-300-ների փոխարեն «Տոր» համակարգեր տրամադրելու առաջարկը։ Ռուս փորձագետները ևս հայտարարել էին, որ «Տոր»-ը կարճ հեռավորության գործողության համակարգ է ու ՀՕՊ-ի համակարգի միայն մի մասը կարող է լինել, մինչդեռ Ս-300-ները ՀՕՊ-ի հիմքն են։

«Կոմերսանտ»-ի սեփական ռազմական աղբյուրների տվյալներով՝ ՌԴ-ն այս անգամ առաջարկել է «Անտեյ-2500», քանի որ վերջինս Ս-300Վ մոդելի արդիականացված տարբերակն է ու ժամանակին արտադրվել է ցամաքային զորքերի ՀՕՊ-ի պահանջով։ Բացի այդ էլ, «Անտեյ-2500»-ների վաճառքն իրավական տեսանկյունից չի առնչվում Մեդվեդևի վերոհիշյալ հրամանագրի հետ։

Պաշտոնական հայտարարություններ այս հարցի շուրջ դեռևս չեն հնչել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *