Մարտի 8-ին Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ռաջան Կաժիմիրովը դանակահարվել է Գյումրիում ծագած վիճաբանության ընթացքում: Հարուցվել է քրեական գործ։
ՌԴ քաղաքացի Ռաջան Կաժիմիրովը կրծքավանդակի շրջանում սուր կտրող-ծակող առարկայից ստացված վերքով մարտի 8-ին՝ 01։30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար։
Հայաստանում գտնվող 102–րդ ռազմաբազան մտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ։ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի համաձայն: 2012–ի օգոստոսին Երևանում ստորագրվել է հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):