[Թարմացված] Գյումրիում կնոջ սպանության գործով ձերբակալվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող

Դեկտեմբերի 2-ին գյումրեցի հավաքարար կնոջ սպանության գործով ձերբակալվել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայող։ Տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արևիկ Խաչատրյանի խոսքով՝ քննիչը ձերբակալել է զինծառայողին։ Sputnik Արմենիան, իր աղբյուրին հղում անելով, հայտնում է, որ քննչական գործողությունները իրականացվում են ռազմաբազայի տարածքում․ զինծառայողը ձերբակալվել է ռուսական կողմի հետ համաձայնությամբ և այժմ 102-րդ ռազմաբազայում է։

Դեկտեմբերի 2-ին 57-ամյա գյումրեցի կինը ծեծվել էր աշխատանքի գնալիս և հիվանդանոցում մահացել: Նրա մոտ ախտորոշվել էր «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»:

ՀՀ ՔԿ հաղորդմամբ՝ հարուցվել է քրգործ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Այն ժամանակ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ կասկածյալը ռուսական բազայի զինծառայող է։ Սակայն ավելի ուշ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հերքել էր այդ տեղեկությունը։

[Թարմացում] Ռուսաստանի դեսպանատան հերքումը պայմանավորված է եղել նրանով, որ կասկածյալը այն ժամանակ եղել է ոչ թե ձերբակալվածը, այլ մեկ ուրիշ զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *