Ադրբեջանը և Իրանը պատրաստվում են համատեղ մշակել զոնդավորման արբանյակ

Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են համատեղ արտադրել (մշակել) զոնդավորման արբանյակ: Այս մասին դեկտեմբերի 7-ին հայտնել է Իրանի հեռահաղորդակցության նախարարը. փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Համաձայնությունը ձեռք է բերվել դեկտեմբերի 4-7-ը Բաքվում կայացած «Միջազգային հեռահաղորդակցության և ՏՏ ցուցահանդես–ֆորումի» շրջանակներում իրանցի պաշտոնյայի՝ Ադրբեջան այցի ընթացքում:

Հատկանշական է, որ դեկտեմբերի 4-ին, ըստ իրանական IRNA լրատվական գործակալության, նախարար Մուհամմադ-Ջավադ Ազարի-Ջահրոմին նշել էր, որ զոնդավորման արբանյակի համատեղ մշակումը քննարկվելիք հիմնական հարցերից մեկն է:

Զոնդավորման (հեռազննման, անգլերեն՝ remote sensing) արբանյակները օգտագործվում են տարբեր ոլորտներում, գյուղատնտեսություն, բնապահպանություն ևն, ինչպես նաև ռազմական ոլորտում՝ հետախուզական նպատակներով:

Երկու երկրներն էլ արբանյակային տեխնոլոգիաների օգտագործման փորձ ունեն: Ի տարբերություն Ադրբեջանի՝ Իրանը շահագործում է սեփական արտադրության արբանյակներ, այդ թվում՝ զոնդավորման: Նշենք նաև, որ Ադրբեջանը արբանյակային կապը օգտագործում է նաև ռազմական տպատակներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *