Նոր ռազմական վարկի կնքումը ընթացքի մեջ է, այս պահին խոսքը 100 մլն դոլարի մասին է։ Ինքնաթիռները վարկի մեջ չեն մտնում։ Այս մասին լրագրողների հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Դա մի գործընթաց է, որը իրականացվելու է, ես իրավունք չունեմ մանրամասնելու [սպառազինության․ Razm.info] տեսակները, ժամանակին դրա վերաբերյալ տեղեկությունները առկա կլինեն բոլորիդ համար։ Համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բավականին հաջող ձևավորվում է և զարգանում»,–հայտարարեց նախարարը։
Տոնոյանի խոսքով՝ այս պահին նաև բանակցություններ են գնում ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ։
Նշենք, որ Հայաստանը Ռուսաստանից արդեն համանման երկու վարկ է վերցրել։ 200 մլն դոլարի վարկով մատակարարումներն արդեն ավարտվել են, իսկ 100 մլն վարկով նախատեսված սպառազինությունը արտադրության փուլում է։