Թուրքիայի Հաքքարի նահանգը «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվում

Թուրքիայի Հաքքարի նահանգապետարանը որոշել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններ իրականացնելու նպատակով նահանգի վարչական կնետրոնը և մի քանի գավառներ «անվտանգության հատուկ գոտի» հայտարարել: Որոշումը տեղադրվել է նահանգապետարանի պաշտոնական կայքում:

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

Հաքքարի նահանգի մի քանի գավառներ հայտարարվել են անվտանգության հատուկ գոտիներ. (արխիվ)

«Անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվում Հաքքարի քաղաքը և նահանգի Շեմդինլի, Չուքուրջա, Յուքսեքովա գավառների 31 շրջաններ: «Անվտանգության գոտու ռեժիմը» սկսելու է փետրվարի 23-ից մինչև մարտի 9-ը:

Հաքքարի նահանգը «անվտանգության գոտի» է հայտարարվել նաև հունվարի 24-ից փետրվարի 7-ը:

Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:

Թուրքիայի տարածքից զատ, Թուրքիայի օդուժը հաճախ հարվածում է քրդական կառույցի դիրքերին Իրաքի հյուսիսային շրջաններում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական ճամբարները:

Ներկայում Թուրքիայի զինուժը, ժանդարմերիան, նրանց աջակցող զինյալները գործողություններ են իրականացնում նաև Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ, որին համարում են PKK-ի «սիրիական ճյուղավորում և ահաբեկչական»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *