Թուրքիան պնդում է Աֆրինից պրոասադական ուժերի հեռանալու մասին. սիրիական կողմը հերքում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 20-ին հայտարարել է, որ Սիրիայի կառավարական բանակի կողմից կռվող «ժողովրդական ուժերը» Աֆրինում որոշակի առաջխաղացումից հետո ենթարկվել են հրետանային կրակի, ինչից հետո հեռացել են Աֆրինից: Փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ նույնպես հայտնում են այս մասին: Թուրքական կողմը նաև տեսահոլովակներ են տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները հրետանիով կրակում պրոասադական ուժերի ուղղությամբ: Սակայն միանշանակ հնարավոր չէ պնդել, թե արդյոք այդ ուժերը հեռացել են, թե շարունակում են առաջ ընթանալ:

Միևնույն ժամանակ «Սիրիայի ժողովրդական ուժերից» հայտնում են, որ Աֆրինից հեռանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «ժողովրդական ուժերի» մարտիկներից մեկը հայտնել է արաբական Al Masdar News լրատվակայքին:

Փետրվարի 20-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական ուժերը մտել են Աֆրին: Սիրիական շարասյան կազմում նկատվել են Ս-60 զենիթային հրանոթներ, ԶՈւ-23-2 ԶՀՀ-ներ, Տ-55 տանկ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգ, ԲՄՊ-1 հետևակի մարտական մեքենաներ և այլ տեխնիկա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Սիրիայի քրդերի հիմնական ուժի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) ներկայացուցիչը հայտնել էր, որ Սիրիայի իշխանությունների հետ համաձայնության են հասել, և սիրիական ուժեր կմտնեն Աֆրին՝ թուրքերի հետ համատեղ պայքարելու համար: Փետրվարի 19-ին էլ սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնեց, որ «Սիրիայի ժողովրդական ուժերը» մտնում են Աֆրին:

Թուրքական կողմը սվիններով ընդունեց այս հայտարարությունը: Այդ երկրի արտգործնախարարը հայտարարեց, որ թուրքական զորքերին ոչինչ չի կարող կանգնեցնել: Էրդողանն էլ հայտարարել է, որ սկսելու են Աֆրին քաղաքի շրջափակման գործողությունները՝ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին»՝ YPG-ին, «թե դրսից, թե ներսից» օգնությունը կանխելու համար:

Հավելենք, որ Թուրքիան Աֆրինի գործողությունը սկսել է հունվարի 20-ից: Գործողությանը ներգրավված են թուրքական զինուժը, ժանդարմերիան, նրանց աջակցող զինյալները:

Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին մեծ թվով կուորստներ է կրել, այդ թվում՝ տեխնիկայի: Թուրքիան արդեն իսկ կորցրել է առնվազն 34 զինծառայող: Բացի այդ, Թուրքիայի կողմից հիմնական ցամաքային գործողություններին ներգրավված են Թուրքիայի հովանավորյալ զինյալներ, որոնց կորուստների մասին չի հայտարարվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *